Երևանում կազմակերպվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի երկօրյա աշխատանքային հանդիպում

Երևանում կազմակերպվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի երկօրյա աշխատանքային հանդիպում
Երևանում կազմակերպվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի երկօրյա աշխատանքային հանդիպում

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ս/թ. մայիսի 24-25-ին Երևանում կազմակերպվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի` ԳԷՀ-ի երկօրյա աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում են ԳԷՀ-ի քարտուղարության ներկայացուցիչ, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պատասխանատու պարոն Դ. Պիվորիունասը, Ռուսաստանի Ֆեդերացիայի և Բելառուսի Հանրապետության պատվիրակությունները: Հանդիպման աշխատանքները ղեկավարում է ՀՀ բնապահպանության նախարար, ԳԷՀ-ում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պարոն Արամ Հարությունյանը:

Հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարությունում, նախարար Արամ Հարությունյանը կարևորեց աշխատանքային հանդիպումը, բարձր գնահատեց համագործակցությունը կողմ երկրների հետ, ինչպես նաև նշեց, որ հանդիպման նպատակն է ակտիվացնել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և գործընկեր երկրների հետ մեր երկրի համագործակցությունը:

ԳԷՀ-ը, լինելով բնապահպանական ամենախոշոր դրամաշնորհային հիմնադրամը, ոչ միայն ֆինանսավորում է բնապահպանական ծրագրեր, այլ նաև ծրագրեր է իրականացնում երկրներին տրվող աջակցությունը առավել նպատակային օգտագործելու ուղղությամբ: Այդ ամենում կարևոր դերակատարում ունի ԳԷՀ-ի «Աջակցություն Երկրին» ծրագիրը, որի մեջ ներառված 6 տարաբնույթ գործողություններն ուղղված են ԳԷՀ-ի կողմից վարվող բնապահպանական 3 խոշոր կոնվենցիաների` «Կնսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին», «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիաների ուղղությամբ տարվող մասնագիտական կարողությունների հզորացմանը, տեղակատվության առավել մատչելիությունը, ծրագրերում քաղաքացիական հասարակության առավել լայն ընդգրկմանը, երկրից եկող ծրագրային առաջարկների առավել տեղայնացմանը, ազգային և համամարդկային խնդիրների առավել ինտեգրմանը, տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:

Հայաստանի Հանրապետությունը շատ է կարևորում ԳԷՀ-ի հետ համագործակցությունը: Դրա շնորհիվ վերջին 1 տարվա ընթացքում ընդգրկվել ենք ԳԷՀ-ի «Աջակցություն Երկրին» ծրագրի 6 գործողություններից 5-ում:

Հայաստանի Հանրապետությունը, լինելով ԳԷՀ-ի կողմ երկիր, խիստ շահագրգռված է, որպեսզի որոշակի գործողություններ անցկացվեն մեր երկրում: Օրակարգի հարցերից մեկն էլ ԳԷՀ-ի կողմից 2012թ. համար ծրագրված Երկրների ընդլայնված խմբի հանդիպումը նույնպես մեր երկրում անցկացնելն է, որում կընդգրկվեն հետխորհրդային բոլոր երկրները, բացի Մերձբալթյան Հանրապետություններից:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ԳԷՀ-ի կառավարման խորհրդի՝ հունիսին Վաշինգտոնում կայանալիք նիստի օրակարգը, քննարկվեց ԳԷՀ-ի նոր գործադիր տնօրենի թեկնածուների հետ կապված հարցերը և լրացուցիչ այլ հարցեր:

Աշխատանքային հանդիպման մասնակից ԳԷՀ-ի քարտուղարության, Ռուսաստանի Ֆեդերացիայի և Բելառուսի Հանրապետության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը` ներգրավվելով այլ երկրների:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

© Medialab.am