Պետությունը կավարտվի աղետի գոտում բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարումը

Հեղինակ MediaLab

Կառավարությունը հաստատել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:

Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. տարեվերջի դրությամբ դեռևս լուծման կարիք ուներ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված մոտ 460 ընտանիքի բնակարանային խնդիր: Այդ ընտանիքներից 227-ը նախընտրել են բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման տարբերակը: Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված մոտ 1,29 մլրդ դրամի հաշվին ներկայումս լուծման ընթացքում է գտնվում նրանց բնակարանային խնդրի լուծումը:

Որոշմամբ նախատեսվում է լուծել մնացած 229 ընտանիքի բնակարանային խնդիրը: Ըստ այդմ՝ 229 ընտանիքից 13-ին տրամադրվում է ֆինանսական աջակցություն (ԲԳՎ և ուղղակի)՝ համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նրանց շրջանում կատարված լրացուցիչ հարցման, իսկ 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ: Այսպիսով ՝ կավարտվի ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:

Ինչպես նշել է Տիգրան Ավինյանը, դե յուրե պետության կողմից ստանձնած պարտավորություններն աղետի գոտում բնակարանային հարցերը լուծելու՝ այս ծրագրով ավարտվում են: «Ընդհանուր առմամբ նաև հասկանում ենք, որ խնդիրն ունի նաև այլ կողմեր և կան բազմաթիվ ընտանքիներ, ովքեր դե յուրե չունեն նման կարգավիճակ: Եվ սա չի նշանակում, որ առհասարակ հետագայում որևէ ծրագիր չի իրականացվելու: Հետագայում մենք կփորձենք հասկանալ, թե այլ ինչ շրջանակ է մնում և այդ խնդիրներն ինչպես ենք լուծելու», –նշել է փոխվարչապետը:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։