Ինչպես հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը, ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից ստացված տվյալների համաձայն Սեւանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 11-ի դրությամբ գտնվում է 1900 մետր, 66 սանտիմետր բարձրության վրա:
Նույն աղբյուրի հավաստմամբ գրանցված նիշը 3 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 78 միլիոն 497 հազար խորանարդ մետր ջուր:
Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:
Արգիճի գետի ջրի ելքը մայիսի 11-ի առավոտյան կազմել է 34, Մասրիկի ելքը՝ 15,6, Գավառագետի ելքը՝ 14,9 խորանարդ մետր վայրկյան: Սեւան թափվող գետերն առայժմ հեռու են իրենց վտանգավոր ելքերից, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից:
12.05.2020