Սա նախկինում ունեցած ամբիցիաների դրսևորման, նախկինում հնչեցրած կարծիքների ճշմարտացիության ապացուցման տեղը և պահը չէ․ Ռուբինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ի պատասխան ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա մեկնաբանությանը՝

Սթափության հորդոր Հայաստանից

Վարչապետ Փաշինյանը, հիմք ընունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը, ՌԴ նախագահին դիմում է ուղղել՝ խնդրելով սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը։

ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, արձագանքելով վարչապետի դիմումին՝ վերահաստատել է ՌԴ դաշնակցային պարտավորությունները ՀՀ նկատմամբ, և վարչապետի նշած խորհրդակցություններն արդեն սկսված են։ Այսինքն, եթե ասենք պարզ՝ վարչապետի դիմումին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն ասել է ԱՅՈ՝ բոլոր կետերով։ Բնականաբար, այս ամենը նախապես արվել է փոխադարձ համաձայնությամբ, և սա պետք է դիտարկել որպես կարևոր և հեռանկարային գործընթացների մեկնարկ՝ հրապարակային և ոչ հրապարակային դրսևորումներով։

Մեծարգո նախագահ, այս պատերազմը մեր ժողովրդի պատմության ամենակարևոր ու որոշիչ դրվագներից է։ Եթե կուզեք՝ ամենակարևորը։

Սա նախկինում ունեցած ամբիցիաների դրսևորման, նախկինում հնչեցրած կարծիքների ճշմարտացիության ապացուցման տեղը և պահը չէ։ Սա լրջանալու պահն է։ Հաղթանակ մեզ։