«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը
– Պարո՛ն Բաբայան, պաշտոնապես մեկնարկել է քարոզարշավը: Ձեր կարծիքով՝ այս իրավիճակում Հայաստանն ի՞նչ ընտրություն ունի այսօր։Կա՞ ընտրություն։
– Ընտրության հնարավորություն միշտ կա, և առանց ընտրություն չկա կյանք: Կյանքն ինքը ընտրություն է: Պարզապես ընտրության համար համարձակություն է պետք, կամք է պետք, հակառակ դեպքում կան պատճառաբանություն և հիմնավորում, թե ինչու չես կարողանում կատարել այդ ընտրությունը, որը համարում ես ճիշտ, և անում ես անհամարձակ ընտրություն:
Ես չեմ կարծում, որ ընտրություն չկա: Ավելին ասեմ, ես կարծում եմ, որ միակ հզոր իրավունքը, որ ունի մարդը, ընտրության իրավունքն է, որը ոչ ոք մեզնից չի կարող խլել: Պարզապես այդ ընտրությունը տարբեր ձևով է արտահայտվում:
Կարող է արտահայտվել ԱԺ ընտրությամբ, կարող է արտահայտվել կարգին կամ ոչ կարգին մարդ լինելով, ստրուկ կամ տեր լինելով: Նույնիսկ երբ դու ինքդ քեզ զրկում ես ընտրության իրավունքից, դա նույնպես ընտրություն է:
– Պատերազմից հետո շատերը հիասթափված են և չեն ուզում ընտրություններին մասնակցել: Այս իրավիճակը բնակա՞ն եք համարում:
– Բոլոր դեպքերում պետք է բացատրել, թե ինչ է նշանակում ընտրություններից հրաժարվել. դա էլ է ընտրություն, բայց դա ենթադրում է նաև, որ դու քեզ զրկում ես առաջիկա 5 տարում որևէ բանից բողոքելու իրավունքից, որովհետև կամավոր հանձնել ես քո իրավունքը, չես օգտվել դրանից:
Դու դրանով արձանագրել ես, որ քեզ բացարձակապես չի հետաքրքրում այն, ինչ կկատարվի: Իհարկե, դու կարող ես այլ պատճառաբանություն գտնել, ասել՝ ոչ մեկին չեմ հավատում, բոլորը նույնն են և այլն:
Նախ՝ այդպես չի լինում, որ բոլորը նույնը լինեն, պարզապես ապրիորի դա հնարավոր չէ աշխարհում: Եթե չեն կարող լինել երկու նույնանման մարդիկ, ապա չեն կարող լինել նաև երկու նույնանման քաղաքական ուժեր ու կուսակցություններ:
Այստեղ կա գեղջկական մոտեցում հետագայի համար քեզ ապահովագրելու, որ, ա՛յ, ես ի սկզբանե դեմ էի բոլորին, որ ես որևէ ընտրության չեմ մասնակցել: Չես մասնակցել, լավ ես արել, բայց դրանից հետո բարի եղիր ձայնդ կտրել, որովհետև դու քեզ կամավոր ձևով զրկել ես այդ իրավունքից:
Ուրիշ բան է, որ մարդիկ ապատիայի վիճակում են, և դա հասկանալի է, որը պայմանավորված է պատերազմի հետևանքներով: Եվ այստեղ արդեն քաղաքական ուժերի մեծ դերակատարումն է պետք:
Քաղաքական ուժերի մոտ ես հոգեբանի պակաս եմ տեսնում, որը խորհուրդ կտար, թե ինչպես իրենց քայլերը նաև հոգեբանության հետ համաձայնեցնեն, որովհետև հնարավոր չէ խոսել ընտրողի հետ՝ անտեսելով հոգեբանությունը:
Իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, որ փորձ է արվում ոչ թե հոգեբանական կանոններով այս վիճակից դուրս գալու, այլ փորձ է արվում ցույց տալ, որ ելք չկա, և այն ելքը, որը մենք առաջարկում ենք, ոչ այնքան ելք է, որքան այն, որ ուրիշներն ավելի վատն են, քան ես:
Սա, իհարկե, լուրջ մխիթարանք չէ: Եվս մի կարևոր բան, որ առկա է այս գործընթացում. վիրավորելով, պիտակավորելով՝ դու պարզապես բացահայտում ես քո սեփական էությունը: Քաղաքական ուժերը հաճախ այդ հոգեբանական գործոնն էլ հաշվի չեն առնում:
Հայհոյելով ու վիրավորանքներ հասցնելով՝ նրանք ոչ այնքան բացահայտում են դիմացինին, որքան իրենք իրենց: Երբ մենք լսում ենք ինչ-որ մեկին, մենք լսում ենք ոչ թե նրա համար, որ հասկանանք, թե նրա ընդդիմախոսն ով է, որքան ուզում ենք հասկանալ, թե ինքն ով է:
– Արդեն խոսում են հետընտրական բախումների հնարավորության մասին: Հաշվի առնելով ատելության այս մեծ չափաբաժինը՝ մինչև ո՞ւր կհասնի այս իրավիճակը:
– Ատելության մեծ չափաբաժին կար նաև նոյեմբերի 9-ից հետո, բայց մենք տեսանք, որ հանրությունն իր մեծամասնությամբ այդքան էլ չարձագանքեց դրան: Ես կարծում եմ, որ պետք է փորձել քաղաքակիրթ ընտրություն անել այն տեսանկյունից, որ հասկանան, որ անպայման չի, որ դու հաղթես:
Առավել ևս այսօր, այն պատկերը, որ այսօր տեսնում ենք, հասկանում ենք, որ որակյալ մեծամասնություն երևի թե չլինի: Իսկ դա նշանակում է, որ դու պետք է փորձես հարգել նրանց, որոնք ունեն հակառակ կարծիք, հարգել այն ընտրությունը, որը կկատարի ոչ թե մեծամասնությունը, այլ այն կձևավորվի ԱԺ-ում:
Կյանքն այդպիսին է, ուրիշ ճանապարհ չկա: Ուրիշ ճանապարհը նշանակում է քաղաքացիական պատերազմ:
Ավելի մեծ դավաճանություն սեփական ժողովրդի ու պետության հանդեպ, քան քաղաքացիական պատերազմ հրահրելն է, չկա:
Սա վերաբերում է բոլորին, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է, մինչև վերջ գնալու այդ կոչերը բերելու են ծանր հետևանքների, որովհետև պարզվելու է, որ ինչ-որ մեկը պարտվելու է, և մինչև վերջ գնալու կողմնակիցները պահանջելու են իրենից ուրիշ մեթոդներ, ոչ քաղաքակիրթ:
Այնպես որ, այդ մինչև վերջ գնալու սկզբունքը շատ վտանգավոր է, որովհետև վաղը ստիպված ես լինելու կամ հետ կանգնել քո այդ սկզբունքներից, կամ գնալ սկզբունքների հետևից, որը կործանարար է: Պետք է հաշտվել նրա հետ, որ ընտրությունների ժամանակ մշտապես ինչ-որ մեկը հաղթում է, ինչ-որ մեկը՝ պարտվում: Բայց մեծամասնության հաղթանակը նաև քո հաղթանակն է, եթե անգամ դու փոքրամասնության մեջ ես մնում: Հաղթում է ժողովրդավարությունը:
– Այս ընտրություններում հասարակությունն ինչի և ինչի միջև պետք է ընտրի, ունի՞ կողմնորոշվելու խնդիր, թե՞ ոչ:
– Կարծում եմ՝ այո՛: Իհարկե, շատ ցավալի է, որ 30 տարի հետո նորից եկել է այս խնդիրը և 30 տարի առաջ գուցե այսքան սուր կանգնած չէր, որքան այսօր: Խոսքն ինքնիշխանության, սուվերենության մասին է:
Եթե ընտրողն ուզում է ապրել սուվերեն պետությունում, որտեղ հարցերը լուծվում են ժողովրդի, ընտրողների կողմից, ապա կարելի է լուրջ ուսումնասիրելով ծրագրերը, կենսագրությունները՝ գալ որոշակի եզրակացության:
Այսօր իրականում կա երկու բևեռ. մեկն ուղղված է հայոց պետականությունը վերջնականորեն ոչնչացնելուն, մյուսը՝ տարբեր ձևերով փորձել վերականգնել այդ պետականությունը: Այստեղ արդեն ընտրությունը մերն է: Եթե մենք տեղափոխվենք անձերի և նրանց հռետորաբանության դաշտ, թե ով ինչպես է իրեն դրսևորել և ով ինչպես է տեսնում Հայաստանի ապագան, ապա շատ պարզ պատկեր կունենանք:
– Փաշինյանը բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին, Քոչարյանն արձագանքում է, որ բանավեճի չէ, բայց դուելի կգնա՝ ցանկացած զենքով: Ինչպե՞ս եք գնահատում քննարկման կամ բանավեճի այսպիսի մակարդակը:
– Ես որքան գիտեմ, բոլոր առաջին դեմքերի բանավեճի պահանջը մտցվեց օրենքի մեջ: Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում այդ պահանջը, որը չկատարելու դեպքում որևէ հետևանք չկա: Ուրեմն դա օրենք չի: Ես չեմ հասկանում նաև՝ ինչ է նշանակում հրավերը, եթե կա օրենքի պահանջ:
Ես չեմ հասկանում նաև օրենքը չկատարելու պատճառանությունը այն ուժերի կամ մարդկանց կողմից, որոնք պատրաստվում են մտնել օրենք գրող մարմին: Ի վերջո, իրենք պետք է հասկանան, որ բանավեճն իրենց համար չէ, բանավեճը մեզ համար է:
Եվ ձեր անձնական համակրանքները կամ հակակրանքները կամ վերաբերմունքը, իրականում, որևէ նշանակություն չունեն: Ես ձեր համակրանքի ու հակակրանքի համար չեմ դիտելու բանավեճը, ես նայելու եմ, թե ինչպես եք իրար հարցեր տալու և ինչպես եք պատասխանելու, և ըստ այդմ կատարելու եմ իմ ընտրությունը:
Փաստորեն բազմաթիվ քաղաքական ուժեր թքած ունեն բոլորի վրա, որոնք իրենց կողմնակիցը չեն կամ չեն կողմնորոշվել: Ես կարող եմ ոչ մեկի կողմնակիցը չլինել և իրավունք ունեմ կողմնորոշվելու ձեր բանավեճերի, ձեր երկխոսությունների միջոցով: Ես ուզում եմ տեսնել, թե դու ինչպես եք կարողանում իրար հետ բանավիճել, ինչպես եք կարողանում քաղաքակրթության նորմերը պահպանել, ինչպես եք կարողանում ձևակերպել հարցերն ու պատասխանները:
Ի վերջո, դուք ում համար եք ընտրվում՝ ձե՞զ համար, թե՞ մեզ: Եթե ձեզ համար, ապա փոխեք օրենքը, իրար հետ կռվեք, ջարդեք, իրար սպանեք, դրանով որոշեք, ով է դառնում ղեկավար: Իսկ եթե մենք ենք ընտրում, ապա պետք է ներկայացնեք ամբողջ դաշտը, որ մենք կարողանանք ընտրություն կատարել:
Ի վերջո, հանրության առնվազն գիտակից հատվածը ուզում է մտածելով, տրամաբանորեն իր ընտրությունը կատարել: Դրա համար ես ձեզ պետք է տեսնեմ ոչ թե որպես գովազդային հոլովակ, երբ առանձին-առանձին դուք շատ կոմֆորտ իրավիճակում եք, այլ բանավեճի վիճակում:
Մենք մեր վերջին տարիների պատմության մեջ տեսանք շատ հետաքրքիր իրավիճակներ, որ երբ մեր ղեկավարները հայտնվում էին օտարերկրացի լրագրողների առջև, խեղճանում էին, որովհետև սովորել էին կոմֆորտին: Այնպես որ, բարի եղեք, եկեք ձեր պարտքը կատարեք իմ առջև:
Մանե Հարությունյան
MediaLab.am