ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրման 26-ամյակի կապակցութամբ։ Հիշեցնենք՝ այդ հրադադարը վերջ դրեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային:
«Այսօր լրանում է Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրման 26-ամյակը, որը վերջ դրեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային: Համաձայնագիրն անժամկետ է. դրա անշեղ իրագործումը եւ հրադադարի ռեժիմի ամրապնդումը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված համաձայնագրերի իրականացման միջոցով ԼՂ խաղաղ գործընթացի առանցքային մասն է:
Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, որն ուղեկցվում է բանակցություններում փոխզիջումները մերժող դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտն է»,- հայտարարել է նա։