Մայիսի 18-ից մի շարք սահմանափակումներ են մտցվելու երկաթուղային կայաններում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում

Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է, որ ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար, պարետի որոշման համաձայն, 2020 թվականի մայիսի 18-ից սկսած՝ մի շարք սահմանափակումներ են մտցվում երկաթուղային կայաններում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում:

Մասնավորապես, երկաթուղային կայարանների տարածք և գնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ կրող ուղևորների համար: Ընկերությունը շնորհակալություն է հայտնում ուղևորներին փոխըմբռնման համար և վստահ է, որ ուղևորներն ամենայն պատասխանատվությամբ կմոտենան տվյալ պահանջների կատարմանը:

Բացի այդ, ըստ պարետի որոշմանը, սպասասրահները և բոլոր վագոնները պարտադիր ապահովվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:

Ընկերությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել կուտակումներից սպասասրահներում և տոմսարկղերի մոտ, իսկ վագոններում` պահպանել սոցիալական տարածության նորմերը: Հայաստանում արտակարգ դրության հայտարարելու օրվանից Հարավկովկասյան երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները:

Բոլոր կայարանային տարածքները օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով: Յուրաքանչյուր ուղերթի ավարտից հետո բոլոր գնացքների վագոններն օդափոխվում և ախտահանվում են, վագոնների և կայարանների ախտահանումը կատարվում է նաև օրվա վերջում:

Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին: Բոլոր աշխատակիցներին տրամադրվում են բժշկական դիմակներ, պաշտպանիչ ձեռնոցներ և հակասեպտիկներ:

Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, չափվում է նրանց ջերմությունը, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ: Բոլոր աշխատավայրերում պահպանվում են սոցիալական հեռավորության նորմերը (1,5-2 մետր):