ԱՄՀ որոշումը. ԿՈՎԻԴ-19 –ի ազդեցությանը դիմագրավելու համար Հայաստանին անմիջապես հասանելի կդառնա շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար

• ԱՄՀ Գործադիր խորհրդի որոշումը 280 միլիոն ԱՄՆ դոլարը Հայաստանին անմիջապես տրամադրելու հնարավորություն է տալիս:

• Հասանելիության ավելացումը իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում և կապահովի ռեսուրսներով`կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված (ԿՈՎԻԴ-19) համավարակի հրատապ մարդկային և տնտեսական հետևանքներին դիմակայելու համար:

• Մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար իշխանությունները ձեռնարկել են մոտակա ժամանակահատվածում ԿՈՎԻԴ-19-ի ազդեցությունը մեղմելու մի շարք միջոցառումներ և հավատարիմ են ներառական ու դիմակայուն աճի խթանմանը և սոցիալական ծախսերի երաշխավորմանն ուղղված շարունակական տնտեսական բարեփոխումներին:

Վաշինգտոն, Կ.Շ. – Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը (ԱՄՀ) ավարտել է «Սթենդ-բայ» ծրագրի (SBA) օժանդակությամբ ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի երկրորդ հերթական ստուգումը: Հայաստանի եռամյա «Սթենդ-բայ» ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար) չափով, որը համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 139.75 տոկոսին, ԱՄՀ-ի Խորհրդի կողմից հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին (տե՛ս մամուլի թիվ 19/173 հաղորդագրությունը):

Գործադիր խորհուրդը հաստատել է նաև իշխանությունների` Հայաստանի SBA ծրագրի շրջանակում հասանելիությունը քվոտայի 100 տոկոսի չափով ավելացնելու հայտը (128.80 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար)` SBA ծրագրի շրջանակում ընդհանուր հասանելիությունը հասցնելով 308.8 միլիոն ՓՀԻ-ի (Հայաստանի քվոտայի շուրջ 240 տոկոսին): Ավելացման և հերթական ստուգման ավարտով պայմանավորված` անմիջապես հասանելի կդառնա 205.94 միլիոն ՓՀԻ (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար): ԿՈՎԻԴ-19 համավարակի և համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման ազդեցությամբ խաթարվեցին Հայաստանի տնտեսության միտումից բարձր աճը և նպաստավոր տնտեսական պայմանները: Մոտակա ժամանակահատվածի հեռանկարի կանխատեսումը էականորեն թուլացել է, ընդ որում հարկաբյուջետային և ընթացիկ հաշվի պակասուրդներն այս տարի էականորեն ընդլայնվել են:

Հիմնադրամի աջակցությունը Հայաստանին կօգնի այս մարտահրավերներին, այդ թվում՝ ԿՈՎԻԴ-19 համավարակի անմիջական սոցիալտնտեսական հետևանքներին դիմագրավելու հարցում: Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահ պրն. Թաո Ժանգն արեց հետևյալ հայտարարությունը. «2019 թ. բարձր կատարողականից հետո՝ Հայաստանի տնտեսությունը ծանր հարված կրեց ԿՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով:

Կառավարությունը նախաձեռնողաբար հակազդեց ճգնաժամին՝ զսպման համատարած միջոցառումների ընդունմամբ, միաժամանակ աջակցելով առավել տուժած ոլորտների ընկերություններին և խոցելի անհատներին: 2020 թ. կանխատեսվում է բյուջեի պակասուրդի էական մեծացում՝ արտացոլելով եկամուտների վրա ցիկլի ազդեցությունը և առողջապահության ու խոցելի տնային տնտեսությունների և ընկերությունների տնտեսական աջակցմանն ուղղված ընթացիկ ծախսերի ավելացումը: Իշխանությունները հավատարիմ են պարտքի կայունության միջնաժամկետ նպատակին՝ ճգնաժամի մեղմմանը զուգահեռ, և միջնաժամկետ հատվածում ակնկալվում է պետական պարտքի նվազում՝ Հայաստանի հարկաբյուջետային կանոնի համաձայն, միաժամանակ պահպանելով ներդրումների և սոցիալական ծախսերի հնարավորությունը: Հայաստանի Կենտրոնական բանկը արձագանքել է ճգնաժամին՝ հավասարակշռելով գների և ֆինանսական կայունության իր իրավասությունները: Տնտեսությանն աջակցելու համար կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և շուկայական մեծածավալ իրացվելիություն ապահովել:

Այն նաև միջամտել է՝ փոխարժեքի չափից ավելի տատանողականությունը սահմանափակելու համար: Իշխանությունների բարեփոխման օրակարգի իրականացումը կամրապնդի կայուն և ներառական աճը: Այն ընդգրկում է հակակոռուպցիոն համընդգրկուն ծրագրի սահմանումը, գործարարության միջավայրի բարելավումը և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությունը, առողջապահության և կրթության ոլորտների հզորացումը: «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում հասանելիության ավելացումը կապահովի խիստ անհրաժեշտ աջակցությունը՝ իշխանություններին տալով համավարակը մեղմելու և տուժած տնային տնտեսություններին և տնտեսվարողներին աջակցելու հնարավորություն»:

Այս մասին տեղեկացնում են Արժույթի միջազգային հիմնադրամից: