Բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա․ Կառավարությունը որոշում ընդունեց

Կառավարության նիստում այսօր ընդունվեց որոշում, որի համաձայն բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա:

Որոշումը սահմանում է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը, հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ որոշմամբ բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա՝ պահանջվող երեք պարտադիր քննությունների փոխարեն։

Ըստ նախարարի, ընտրվել են այն քննությունները, որոնք կախված մասնագիտության առանձնահատկությունից առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար: Այն մասնագիտությունները, որտեղ ընդունելության համար դիմորդի հայեցողությամբ նախատեսված է եղել կամընտրական առարկաների  քննություններ՝ կրկին թողնվել է դիմորդի հայեցողությանը՝ իր ցանկությամբ ընտրելու մեկ քննություն:

Դիմումների ընդունման ժամկետը մայիսի 15-ից հունիսի 15-ն է։