Սմբատ Գոգյանը և փոխնախարարը հրավիրվել են Ազգային ժողով

ԱԺ պատգամավոր,  Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,
երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի որոշմամբ՝ մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, կհրավիրվի
հանձնաժողովի արտահերթ նիստ, տեղեկացնում են հանձնաժողովից։

Ըստ աղբյուրի, այս որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի
նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկը
հանդիսանում է այն, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ
թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման,
ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով:

ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նիստին, բացի պատգամավորներից, ներկա են լինելու նաև ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: