ԼՀԿ-ն խորհրդարանական աշխատանքը շարունակելու է նոր հետևություններով

Հեղինակ MediaLab

Լուսավոր Հայաստան » խմբակցությունը, որը ծեծկռտուքի միջադեպից հետո խորհրդարանի նիստերին մասնակցությունից որոշակի ժամանակով «ընդմիջում » էր վերցրել, իր աշխատանքները օրենսդիրում կշարունակի՝ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացած գնահատականների լույսի ներքո՝ այսինքն նոր հետևություններով: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին ասաց հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով ԱԺ-ում ավելի վաղ տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպին:

«Հիմա կարող ենք ամփոփել, թե ինչ ունենք: Նախ ուզում ենք արձանագրենք, որ խորհրդարանում տեղի ունեցած բռնությունից հետո մենք քաղաքական գնահատական էինք ակնկալում, ինչը չտրվեց: Եվ ամենաբարձր մակարդակում այն արդարացվեց: Մենք արձանագրում ենք մի քանի հանգամանք, որ ՀՀ-ում գործող իշխանությունները ընդդիիմադիր խոսքը պիտակավորել են որպես սադրանք, արդարացնում են ընդդիմադիր խոսքի նկատմամբ բռնության կիրառումը, արդարացնում են մարդկանց հետևից խփելը: Հաջորդ հանգամանքը այն է, որ իրավական գործընթացները չեն գնում իրավական պետության և իրավունքի գերակայության համատեքստում»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով միջադեպի իրավական գնահատականին, այսինքն ՀՔԾ-ի կողմից ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժելուն՝ նա հիշեցրեց, որ իրենց խմբակցությունը բողոք չէր ներկայացրել: «Դեպքը քննարկման առարկա էր դարձել մամուլի նյութերով, և քննարկվել էր որպես հանրային տիրույթի ենթադրյալ հանցագործություն: Եվ վերջում ասվում է, որ քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ Վճռաբեկ դատարանն ասել է, որ յուրքանչյուրը մեկ հարված է տվել »,-ասաց խմբակցության ղեկավարն ու նշեց՝ եթե գործի ուղղությունը գնում էր այդ ճանապարհով, պետությունը պետք է գնար այն այլ հոդվածի քննարկման առարկա դարձնելով, որը Մարուքյանի կարծիքով խուլիգանությունն է:

«Մենք այլևս այս գնահատականների լույսի ներքո ենք շարունակելու աշխատանքները խորհրդարանում՝ հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք,  գործ ունենք մարդկանց հետ, որ հնարավոր է հետևից խփեն, գործ ունենք մարդկանց հետ, որոնք բռնությունն արդարացնում են: Գործ ունենք մարդկանց հետ, որոնք չեն հանդուրժում ընդդիմադիր խոսքը և դա պիտակավորում են որպես սադրանք:

Սրանք այն արձանագրումներն են, որոնք մենք արել ենք այդ ընդմիջման ընթացքում»,-ասաց Մարուքյանն ու վստահեցրեց, որ ԼՀԿ-ն ոչ մի դեպքում չի շեղվի իր քաղաքական օրակարգից, այն է՝ մարդկանց և պետության առջև ծառացած մարտահրավերների դեմ պայքարը, խնդիրների համակարգային ինստիտուցիոնալ լուծումը և  ընտրողների ձայնը խորհրդարանում և տարբեր հարթաներում հնչեցնելը: