Բիլ Գեյթսը՝ կորոնավիրուսի վերաբերյալ դավադրության տեսությունների թիրախում. Fip.am

Նոր կորոնավիրուսի բռնկումից հետո տարածվեց «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի՝ 2015 թվականին TED հիմնադրամի կոնֆերանսում ունեցած ելույթը՝ հնարավոր նոր համաճարակի և աշխարհի՝ դրան պատրաստ չլինելու մասին։  

Բացի այդ, Գեյթսը մի քանի անգամ խոսել էր նաև երկրագնդի գերբնակեցվածության խնդրի մասին, և այս հանգամանքները հող ստեղծեցին դավադրության տեսությունների զարգացման և Գեյթսին՝ կորոնավիրուսի տարածման «մեղավոր» հայտարարելու համար։ 

«Փաստերի ստուգման հարթակը» հավաքել է կորոնավիրուսի տարածման վերաբերյալ Գեյթսի անվան շուրջ պտտվող ապատեղեկատվությունները և դավադրության տեսությունները։

Տեսությունների հիմնական թեզերը

Ամերիկյան հայտնի կոնֆերանսի՝ TED Talk-ի ժամանակ Բիլ Գեյթսի ելույթի թեման հնարավոր համաճարակն էր, որին, ըստ նրա, աշխարհը պատրաստ չէ:

Դեռ այն ժամանակ լրատվականները գրում էին, որ Գեյթսը զգուշացրել է աշխարհին սպասվելիք համաճարակի մասին և կոչ արել պատրաստվել: Կորոնավիրուսի առաջին դեպքերին զուգահեռ՝ վիրուսի նման տարածվեցին հրապարակումները, թե Գեյթսը դեռ 2015-ին կանխատեսել էր կորոնավիրուսը:

Ամերիկացի միլիարդատեր ու բարերար Բիլ Գեյթսին գլխավորապես մեղադրում են կորոնավիրուսը տարածելու և դրա միջոցով մարդկանց ուղեղները չիպավորելու մեջ։ Չիպավորման մասին տեսությունների մի մասի համաձայն՝ չիպավորումն իրականացվում է թեստերի միջոցով, ըստ որոշների էլ՝ չիպավորում են վարակված քաղաքացիներին։ 

Բիլ Գեյթսի անվան շուրջ պտտվող մեկ այլ դավադրության տեսության համաձայն էլ՝ Գեյթսն իբր հայտարարել է, թե երկրագնդի բնակչությունը շատ է աճել, ըստ այդմ՝ կորոնավիրուսը ստեղծվել է նրա նախաձեռնությամբ՝ մարդկանց քանակը հավասարակշռելու համար։

Թեզեր չիպավորման  և պատվաստումների մասին

Այս թեզի հիմքում ընկած է վարկածը, թե կորոնավիրուսը պլանավորված է մարկանց չիպավորելու համար, իսկ դրա թիկունքին կանգնած է Բիլ Գեյթսը։

Տարածվող պատմությունների հիմքում ընկած էին Գեյթսի մի քանի հայտարարություններ, որոնք կա՛մ սխալ են ընկալվել, կա՛մ սխալ են մեկնաբանվել մի շարք հրապարակումներում։ «Մայքրոսոֆթի» հիմնադիրը դեռ մարտ ամսին իր բլոգում հարցուպատասխան էր անցկացրել կորոնավիրուսի վերաբերյալ։ Հնարավոր և անհրաժեշտ փոփոխությունների մասին հարցին ի պատասխան՝ Գեյթսը նշել էր, որ վերջ ի վերջո՝ կստեղծվեն «թվային հավաստագրեր», որոնք ցույց կտան՝, թե արդյո՞ք տվյալը անձը ապաքինվել է կամ ստացել պատվաստանյութ։

Այս հայտարարությունն «ուսումնասիրած» կայքերից մեկը հրապարակում էր տարածել, թե այդ թվային հավաստագրերը իրականում միկրոչիպեր են։ Նման մեկնաբանություններ եղել են նաև այլ աղբյուրներում։

Այս հայտարարության ճշմարտացիության վերաբերյալ «Ռոյթերսի» հարցին «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամից պատասխանել են, որ թվային հավաստագրերը ուղղված են լինելու տվյալների բաց բազա ստեղծելուն՝ ընդլայնելով մարդկանց թեստավորելու հնարավորությունները։

Ամերիկյան IBM-ը թվային սերտիֆիկատները որոշ չափով համեմատում է մարդու նույնականացման քարտի կամ մեքենայի տեխանձնագրի հետ։ Ըստ այդմ՝ այս սերտիֆիկատների գործառույթը մարդկանց նույնականացնելն է։

Դավադրության այս տեսությունների համար հող է հանդիսացել նաև «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամի գործունեությունը։ Այն երկար տարիներ պատվաստանյութեր է մատակարարում աղքատ երկրներին։ Միաժամանակ, հիմնադրամը միջոցներ է տրամադրում նոր վիրուսների դեմ պայքարի նպատակով պատվաստանյութեր ստեղծելու համար։ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար, օրինակ, «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամը հատկացրել է շուրջ 300 միլիոն դոլար։ 

Աշխարհի բնակչությունը նվազեցնելու մասին

Դեռ 2010-ական թվականներից մի շարք հարցազրույցներում Գեյթսը խոսել է երկրագնդի բնակչության մեծ թվի և դրա խնդիրների մասին։ 2018 թվականին Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ իր ելույթում Գեյթսը, աշխարհի գերծանրաբեռնվածության խնդրին անդրադառնալով, նշել էր, որ  բնակչության թվի նման աճը կտրուկ ավելացնելու է աղքատ մարդկանց թիվը և հիմնական լուծումը մարդկանց բնական աճի կառավարումն է։  

Գեյթսի հայտարարությունը, թե մարդկանց առողջական վիճակը բարելավելը կօգնի նվազեցնել աշխարհի բնակչության թիվը, կոնտեքստից կտրված տարածվել և դավադրության տեսությունների պատճառ էր դարձել դեռ երկու տարի առաջ։ Գեյթսն իրականում ասել էր, որ եթե երեխաներն ավելի առողջ լինեն, իսկ փոքր տարիքում մահացությունների թիվը նվազի, ծնողները վստահ կլինեն, որ իրենց երեխաները չեն մահանա և կսկսեն մտածել՝ կրկին երեխա ունենա՞լ, թե՞ ոչ։

Ապրիլին համացանցում տարածվեցին հրապարակումներ, թե Բիլ Գեյթսը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութից կարող է մահանալ մինչև մեկ միլիոն մարդ։ Սրան գումարվեցին նաև Գեյթսի՝ աշխարհի բնակչության մեծ թվի մասին հայտարարությունները՝ ստեղծելով դավադրության մեկ այլ տեսություն։ Այն է՝ Գեյթսը ցանկանում է կորոնավիրուսն օգտագործել երկրագնդի բնակչության թիվը նվազեցնելու համար։

Ամերիկյան CNBC-ին տված հարցազրույցից վերցրած այս հայտարարությունը, սակայն, նենգափոխված է։ Գեյթսն ասել է, որ վիրուսի պատվաստանյութը կարող է վտանգավոր լինել տարիքային որոշ շերտերի համար, իսկ բոլորի համար անվտանգ պատվաստանյութ ստեղծելը բավական բարդ է։ «Եթե 10 հազարից մեկի դեպքում կողմնակի ազդեցություն լինի, ավելի քան 700 հազար մարդ կարող  է տուժել դրանից»,- ասել է Գեյթսը։ 

Ի՞նչ է ասում և անում Գեյթսն իրականում

Բիլ Գեյթսը, որը դեռ 2015-ին խոսում էր հնարավոր գլոբալ համաճարակի մասին, շեշտում էր, որ պետությունները պատշաճ չեն մոտենում այս հարցին։ BBC-ին վերջերս տված հարցազրույցում նա ասել էր, որ կորոնավիրուսի պատվաստանյութ ստանալու համար անհրաժեշտ է մեկ ու կեսից երկու տարի։ Խոսելով պատվաստանյութի ստեղծման հնարավորությունների մասին՝ Գեյթսը նշել էր, որ պետք է ընտրել 8-10 հնարավոր արդյունավետ պատվաստանյութեր և միջոցներ տրամադրել դրանց ուսումնասիրությունների և փորձարկումների համար։ 

«Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութերի ստեղծումն այսօրվա հրամայականն է»,— նշել էր նա՝ հավելելով, որ ինքն «ամեն ինչ կանի, որ պատվաստանյութը մատչելի լինի բոլորին»։

Անդրադառնալով իր անվան շուրջ պտտվող դավադրության տեսություններին՝ Գեյթսն ասել էր, որ զավեշտալի է այդ հարցում թիրախավորել մեկին, որն անում է առավելագույնը, որպեսզի աշխարհը պատրաստ լինի մարտահրավերին։ «Մենք խելագար իրավիճակում ենք, և պետք է լինեն նաև խելագար խոսակցություններ»,- ասել էր «Մայքրոսոֆթի» հիմնադիրը։

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներին և հետագայում նման իրավիճակներին առավել պատրաստված լինելու անհրաժեշտության մասին Բիլ Գեյթսը խոսել է նաև վերջերս՝ նույն TED Talks-ում՝ անդրադառնալով 5 տարի առաջվա իր ելույթին։ Ըստ նրա՝ սխալները, որոնք կառավարությունները թույլ են տալիս այս օրերին, դաս կլինեն հետագա համաճարակների ժամանակ։

Տեսությունների աղբյուրները և տարածվելու մեխանիզմները հայկական մեդիայում

Հայաստանյան մամուլում չիպավորման մասին առաջին լուրերը տարածվել են հիմնականում հղումով ռուսական Gazeta.ru-ին։ Ըստ ռուսական կայքի այդ նյութի՝ ռուս բժիշկներից մեկը Գեյթսին մեղադրել էր մարդկանց չիպավորելու նպատակ ունենալու մեջ։ Ավելի ուշ սոցիալական մեդիա խմբերում տարածվեցին առանձին օգտատերերի հրապարակումներ, որոնք հազարավոր հավանումներ և տարածումներ էին ունենում։ Հայկական սոցիալական ցանցերում մեծ տարածում գտան նաև ռուսական տարատեսակ աղբյուրներից հրապարակումները և տեսանյութերը։

Ֆեյսբուքի հայկական տիրույթում դավադրության տեսությունները հիմնականում տարածում են օգտատերերը, մեծամասամբ՝ ոչ ֆեյք։ Նույն այդ օգտատերերի կամ այլոց կողմից այս հրապարակումները տարածվում են մեծ թվով անդամներ ունեցող  ֆեյսբուքյան խմբերում։ 

Սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից դավադրության տեսությունների տարածման հիմնական մեխանիզմները հասկանալու համար բերենք մեկ օրինակ։ Այսպես, Աղասի Յան անունով օգտատերն իր էջում տեսանյութ է տեղադրել Գեյթսի՝ իբր աշխարհի բնակչությունը նվազեցնելու նպատակի, կորոնավիրուսի և դրա՝ պլանավորված լինելու մասին։ Հրապարակմանը կցված է նաև մեկնաբանություն, որ այդ «ստոր քայլով բնակչության քանակը կտրուկ կկրճատեն»: Միայն իր էջից հրապարակումը տարածվել է ավելի քան 300 անգամ՝ այլ օգտատերերի կողմից և մեծ թվով անդամներ ունեցող խմբերում։ Դրանցից մեկը, օրինակ, 1lur.am ֆեյսբուքյան խումբն է, որը 26 հազարից ավելի անդամ ունի։ 

Նմանատիպ դավադրության տեսությունները տարածվում են նաև YouTube-ում հրապարակված տեսանյութերի միջոցով։ Մի տեսանյութ, որը հրապարակել է Anna Hayrapetyan անունով օգտատերը, ունի 10 հազարից ավելի դիտում և պատմում է, թե ինչպես է Գեյթսը պատրաստվում չիպավորել մարդկանց՝ հիմք ընդունելով շուրջ մեկ ամիս առաջ հերքված տեղեկությունը, որին անդրադարձել ենք վերևում։ 

Դավադրության տեսությունները միայն սոցիալական ցանցերում չեն

Ուշագրավ է, որ միֆին, թե Բիլ Գեյթսը պատվիրել է վիրուսը՝ սեփական նպատակների համար, հավատացել է Yahoo ընկերության կողմից հարցված ամերիկացիների 28 տոկոսը։ Միաժամանակ, աշխարհի տարբեր երկրներում հաստատված սահմանափակումների դեմ բողոքի ակցիաների ընթացքում «կորոնավիրուսը կեղծ է» հայտարարություններին զուգահեռ, հնչում են նաև այնպիսի կոչեր, ինչպիսին են, օրինակ, «Ձերբակալե՛լ Բիլ Գեյթսին», «Շանս մի՛ տվեք Բիլ Գեյթսին» և այլն:

Նմանատիպ կոչեր և հայտարարություններ հնչել են Միացյալ ՆահանգներիԳերմանիայիԱվստրալիայի և այլ երկրների տարբեր քաղաքներում կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ։ 

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ ամերիկացի միլիարդատիրոջ վերաբերյալ ապատեղեկատվություններն ու դավադրության տեսություններն արդյունք են նրա կողմից երբևէ արված հայտարարությունների նենգափոխման, իսկ տարածում գտնելու հիմնական պատճառներից է դրանցում առկա իբր սենսացիոն բովանդակությունը։

Անի Ավետիսյան

Fip.am