«Երբ ասում են՝ վա՛յ, երեխեքին ինչո՛ւ եք հանել ցույցի, պետք է նաև հաշվի առնեն, որ երեխան ունի իր ձայնն արտահայտելու իրավունք». Միրա Անտոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը

– Տիկի՛ն Անտոնյան, հունիսի 1-ին ընդդիմության քաղաքական ակցիաներին մանկահասակ երեխաներ մասնակցեցին: Նրանք կավճանկարչության ժամանակ ասֆալտին գրում էին՝ «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»: 2018-ին էլ քաղաքական իրադարձություններին մասնակցում էին երեխաներ: Դուք՝ որպես մասնագետ, ինչպե՞ս եք վերաբերվում երեխաների մասնակցությանը նման ակցիաներին:

– Ե՛վ 2018-ին, և՛ հիմա, կարծում եմ, մենք պետք է լինենք հետևյալ դիրքորոշմանը՝ երեխաներն ունեն իրավունքներ իրենց կարծիքն արտահայտելու: Սա սահմանված է միջազգային ու ՀՀ օրենքներով, կոնվենցիաներով: Երբ երեխան ուզում է գնալ, նստել վրանի տակ, կամ իրեն դուր է գալիս այդ պայքարը, կամ հարում է այս ու մյուս կողմին, ապա դա միանշանակ նորմալ երևույթ է: Բայց նորմալ է, եթե ուղղորդված չէ: Երբ երեխային ուղղորդում են, ասում են՝ գնա այս կամ մյուս կողմին պաշտպանիր, այ դա ճիշտ չէ:

Չպետք է հակասություններ լինեն: Երեխան, միանշանակ, ունի իր ձայնն արտահայտելու իրավունք, ու երբ ասում են՝ վա՛յ, երեխեքին ինչո՛ւ եք հանել ցույցի, պետք է նաև հաշվի առնեն շատ կարևոր նրբություն՝ արդյոք ինչ-որ մեկը հատուկ նստեցրե՞լ է երեխաներին ու պարտադրել նրանց՝ եկեք, գնանք էս ուժին կամ էս գործչին պաշտպանենք: Եթե այդպես է, ու դրա ազդեցությամբ է երեխան գնում այդ քայլին, ապա դա շատ վատ է: Ի դեպ, այդպիսի վտանգ կարող է լինել, քանի որ շատ մեծ է գայթակղությունը, որ ինչ-որ մեկը կնստի ու կասի՝ երեխեք ջան, պետք է գնանք պայքարենք, կամ հակառակը՝ պաշտպանենք և այլն:

Խնդիրը երեխային ուղղորդելն է, ոչ թե երեխայի մասնակցությունը:

– Իսկ ի՞նչ եք կարծում, փոքր երեխան կարո՞ղ է գիտակցել ու գնալ ասֆալտին գրել՝ «Առանց թուրքի Հայաստան»:

– Եկեք երեխաների մասին չմտածենք որպես անգիտակից մասսայի, որոնք ինչ-որ հրաշքով ուղիղ 18 տարեկանում սկսում են գիտակցել իրենց սոցիալական հնարավորությունների մասին: Ես ձեզ կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ 40 տարեկան թե կանայք, թե տղամարդիկ սոցիալականացված չեն, սոցիալապես չկայացած մարդիկ են, որոնք մամայի փեշի տակից դեռ դուրս չեն եկել: Այսինքն՝ սոցիալական հասունությունը շատ հարաբերական երևույթ է, երեխաներ կան, որ ինքնակրթվում են, տարբեր բաների են մասնակցում և կարող են դիրքորոշում հայտնել: Եկեք չթերագնահատենք նրանց հնարավորությունները:

Այսինքն՝ քաղաքացին 18 տարեկան զրո օրականում չէ, որ ձևավորվում է, քաղաքացին ձևավորվում է գիտակից կյանքի հենց սկզբից՝ 10-12 տարեկանից տեսնում է, լսում է, համեմատում է, ինչ-որ բաներ հավանում է, ինչ-որ բաներ չի հավանում:

Այդ հասունացումը մեկ վայրկյանում չէ, որ տեղի է ունենում, հատկապես այս սերունդը, որ հնարավորություն ունի շատ կարդալու, շատ շփվելու: Սա միանգամայն այլ սերունդ է:

– Դուք հետևե՞լ եք այս ու այն իրադարձություններին, կարո՞ղ եք ասել՝ ուղղորդումներ եղե՞լ են:

– Այո՛, ես աշխատում եմ երեխաների հետ, և, օրինակ՝ 2018-ին երեխաներն անընդհատ նայում էին, հետևում էին, ամբողջ փողոցները փակվում էին և այլն, և այլն, ու մեկ էլ մի օր տեսնեմ՝ իրենք էլ դուրս են եկել, մեր փողոցն են փակել: Բայց որևէ մեկը չէր ուղղորդել: Ու բացի այդ, ընդհանուր մթնոլորտն այնպիսին էր, որ որևէ մեկի մտքով չանցավ, թե հնարավոր է ուղղորդում եղած լինի:

Հիմա քանի որ հասարակությունը պառակտված է, հակադիր հայացքներ ունեցող մարդիկ միմյանց թշնամի են համարում, սկսում են ենթատեքստեր փնտրել նման ակցիաներում: Ես չգիտեմ՝ այդ երեխաները իրենց սրտի ցանկությո՞ւնն են արտահայտում, երբ գրում կամ գոչում են «Առանց Նիկոլ Հայաստան», թե՞ վարակվել են՝ լսելով այդ վանկարկումը, թե ինչ-որ մեկն ասել է՝ գնա նստիր, էդպես գրիր, թե եղբայր է կորցրել պատերազմում… Հազար պատճառներ կարող են լինել, որոնք կարող են ազդել երեխայի վարքի վրա: Կարող է երեխան հենց այնպիսի ընտանիքից է, որտեղ եղբայրը կամ հայրը զոհվել է: Ի՞նչ եք կարծում՝ այդ երեխան պետք է ասի՝ «Նիկոլով Հայաստա՞ն»: Երեխաները նույն գործոնների ազդեցության տակ են, ինչ մեծերը: Երեխաներին մի՛ պատկերացրեք անմեղ, սպիտակ, դատարկ մի էջ: Էդպես չէ: Երեխաներն էլ են դիրքորոշված՝ ոմանք կողմ, ոմանք՝ հակառակ:

Միակ անթույլատրելի բանն այն է, երբ ինչ-որ մեկը նստեցնի երեխային ու նրան հատուկ տրամադրի՝ գնա, սա ասա, գնա սա արա և այլն: Դա նշանակում է երեխայի շահագործում, երեխայի օգտագործում:

– Պարզապես, հնչեցվող կարգախոսները, օրինակ՝ «Առանց թուրքի Հայաստան», աշխարհաքաղաքական են, և առաջին հայացքից փոքրիկները ի՞նչ կարող են իմանալ՝ թուրքն ով է, ինչ է:

– Դա չեմ կարող ասել, վերջին հաշվով, երեխան նույն օդն է շնչում, ինչ ամբողջ երկիրը: Մեր բոլորիս խոհանոցները քաղաքականացված են, և նա անընդհատ լսում է պատերազմի, հարևանների հետ հարաբերությունների մասին խոսակցությունները: Մենք բոլորս ամբողջ օրը տանը, դրսում, ամենուր վիճում ենք այդ թեմաներով, մեկը թուրքի հետ հարաբերությունները համարում է Հայաստանի ապագա, մյուսը՝ ավարտ: Եվ երեխան լսում է այս ամենը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am