Ղրիմի հանրաքվեի արդյունքները Հայաստանի վրա կարող են բացասաբար անդրադառնալ, քանի որ կլարվեն Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:
«Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունը դրական չի ազդի հատկապես Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վրա: Եթե այդ լարվածությունը ներթափանցի նաև Ղարաբաղ, ապա դա, բնականաբար, կմեծացնի պատերազմի վտանգը մեր տարածաշրջանում»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:
Հիշեցնենք, որ Մաքսային միությանն միավորվելու հայտարարություններից հետո, Ուկրաինայում սկիզբ առած բողոքի ալիքը եւ Կիեւի Եվրամայդանում ծավալված արյունալի իրադարձությունները երկրում հանգեցրեցին իշխանափոխության:
Ղրիմի իշխանությունները հայտարարեցին հանրաքվեի մասին: Ըստ միջազգային մամուլի հրապարակումների, ուժայինների ծանր ներկայության ներքո մարտի 16-ին անցկացված հանրաքվեով Ղրիմի բնակչության 96.77 տոկոսը կողմ քվեարկեց Ռուսաստանին միանալու օգտին:
Թեեւ միջազգային կառույցները չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն, քննադատելով եւ հայտարարելով, որ տեղի ունեցածը հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը, այնուամենայնիվ, քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը նշում է, որ «արդյունքները միանգամայն սպասելի էին»:
«ԼՂ հիմնախնդրով հիմնական միջնորդները Արևմուտքի և Ռուսաստանի ներկայացուցիչներն են, բնականաբար, հարաբերությունների կտրուկ վատթարացումն այս հարցում ոչ բարենպաստ ճշգրտումներ կարող է մտցնել մեզ համար»,-նշում է Երվանդ Բոզոյանը:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը առաջին հերթին նշում, է, որ Ղրիմի հանրաքվեն սխալ է «հանրաքվե» անվանել:
«Քանի դեռ այլ երկրի զորքերը գտնվում են Ղրիմում, ցանկացած ընտրություն ու հանրաքվե դա ընտրություն չէ, հանրաքվե չէ: Երկրորդ, քանի որ հանրաքվեի մասին հայտարարվել էր ուղիղ 10 օր առաջ, նշանակում է, որ դա ընտրական համակարգ չէ, քանի որ ցանկացած ընտրության դեպքում պետք է ժամանակ լինի, որ ընտրության կողմերն իրենց կարծիքներն ասեն»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Գրիգորյանը:
Վերլուծաբանի խոսքով՝ այսօր դեռ դժվար է ասել, թե Ղրիմի հանրաքվեի արդյունքներն ինչպես կանդրադառնան Հայաստանի վրա:
Նրա խոսքով՝ ակնհայտ է՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառեն: Այդ պատժամիջոցները կլինեն տնտեսական, քաղաքական ոլորտներում, Ռուսաստանի մեկուսացում տեղի կունենա:
«Ակնհայտ է, որ դա կբերի նրան, որ միջազգային մի շարք ֆորմատներ չեն աշխատի կամ ժամանակավորապես պասիվ կլինեն:
Օրինակ՝ նույն ԵԱՀԿ-ի աշխատանքին կարող է դա առնչվել, քանի որ ԵԱՀԿ-ի շրջանակներում երկու գլխավոր սուբյեկտ կա՝ Միացյալ նահանգներ և Ռուսաաստան: Եթե Ռուաստանի դեմ սանկցիաներ լինեն, ուրեմն ԵԱՀԿ-ի մեխանիզմերը կարող են ինչ-որ ժամանակ չաշխատել»,- ասում է Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ այդ իրավիճակը կարող է բացասաբար ազդել ԼՂ հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վրա:
«Նման վտանգներ կան, որ եթե Մինսկի խումբը ժամանակավոր չաշխատի, պարզ է, դա կազդի նաև Ղարաբաղի հարցի լուծման վրա: Ստացվում է, որ Ղրիմի հանրաքվեն ուղղակի ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա, բայց անուղղակիորեն կարող է ազդել, քանի որ աշխարհում Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը կմեծանա»,- ասում է նա:
Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունը, Ստեփան Գրիգորյանի խոսքով, կարող է ազդել նաև այլ ոլորտների վրա նույնպես: Հարցին, թե այդ դեպքում հնարավո՞ր է մեր տարածաշրջանում մեծանա պատերազմի ռիսկը, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ այսօր հնարավոր չէ դա միանշանակ ասել:
«Նայած, թե ինչքանով այդ ոչ ուղղակի ազդեցությունն ուժեղ կլինի: Եթե քանդվի Մինսկի խմբի ֆորմատը, ակնհայտ է, որ պատերազմի վտանգները կմեծանան: Չեմ ասում, որ վտանգը մոտ կլինի կամ մոտ է, բայց միանշանակ կբարձրանա: Ակնհայտ է, որ, եթե չկա գլխավոր հսկիչ մեխանիզմը, կողմերի համար կարող են լինել անսպասելի իրադարձություններ»,- ըդնգծեց վերլուծաբանը:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասում է, որ ԼՂ հիմնախնդրի վրա Ղրիմի հանրաքվեի ազդեցությունը հստակ հասկանալու համար պետք է դեռևս տեսնել, թե ինչպես են փոխվում աշխարհի երկրների դիրքորոշումները:
«Նայած որ ուղղությամբ են փոխվում, դեռ ոչ մեկ չի արտահայտել իր դիրոքրոշումը: Բոլորը դեռ լռում են և գիտեն, որ բարդ վիճակ է և անգամ Չինաստանը դիրքորոշում չի հայտնում»,- «Մեդիալաբին» ասում է Մանվել Սարգսյանը:
Նրա խոսքով՝ պետք է տեսնել ընդհանրապես, թե ինչ խնդիր է ստեղծվել աշխարհում և միջազգային հարաբերություններում, դրանից հետո նոր միայն կարող ենք տեսնել, թե ինչպես կանդրադառնա այս գործընթացը Հայաստանի վրա:
Նրա խոսքով՝ ժամանակին Արևմուտքն էր Կոսովոյի շուրջ գործընթացներում հայտարարություններ անում, Ռուսաստանն էլ ամեն կերպ խոսում էր տարածքային ամբողջականության մասի, իսկ այսօր դերերը փոխվել են:
«Ես կարծում եմ, որ սա շատ ավելի խորքային պրոցես է և բնական է, որ ինքնին պետք է ազդի թե միջազգային իրավական համակարգի, թե Ռուսաստանի քաղաքականության վրա: Այստեղից էլ արդեն կարելի է տեսնել, թե ոնց դա կարող է անդրադառնալ մեր տարածաշրջանի և կոնկրետ Հայաստանի խնդիրների վրա»,- ասում է Մանվել Սարգսյանը:
© Medialab.am