Սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների, գուցե այս հանգամանքը ցավեցնում է որոշ մարդկանց․ Արտակ Դավթյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն անդրադարձել է խոսակցություններին անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների մասին, Ադրբեջանում անցկացված զորավարժություններին, Զինված ուժերում շարունակվող բարեփոխումներին, Նախիջևանի հատվածում հակառակորդի ակտիվությանը և այլ հարցերի։

Մասնավորապես, հարցին, թե հրապարակումներ կան, որ ԶՈւ-ում կոռուպցիոն դեպքերի, անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ են արվում, ինչն էլ բնականաբար սպառնում է մեր զինծառայողների անվտանգությանը, Արտակ Դավթյանը պատասխանել է․

«Նախ տեղեկացնեմ, որ հատկապես վերջին երկու տարիներին գնումների հետ կապված շատ մեծ աշխատանքն է կատարվել, և հասել ենք այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների: Ի՞նչ ասեմ, գուցե այս հանգամանքը ցավեցնում է որոշ մարդկանց, ինչն էլ դառնում է նման հրապարակումների պատճառ…Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որ կիլոմետրերով հեռու են ռազմական գործից, բանակից, կառաջարկեմ իրենց որոշակի շահերը բավարարելու համար չմտնել ԶՈւ-ի ոլորտ և դիլետանտի մակարդակով դատողություններ չանել գնված տեխնիկայի շահագործման կամ արդյունավետության մասին:Վերջին շրջանում այդքան քննարկված նույն ՕՍԱ-ԱԿՄ-ների մասով նշեմ, որ ձեռք բերվելուց հետո դրանք արդիականացվել են մեր ռազմաարդյունաբերական գործարաններում, արդեն շարք են կանգնեցված և մասամբ փոխարինել են իրենց շահագործման ռեսուրսն ավարտած հին տեխնիկային: ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. մենք գնում ենք այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ մեր բանակի համար: Այդ «խելոք» հնարամիտներին, «փորձագետներին» էլ ուզում եմ առաջարկել, որ եթե այդքան մտածում են մեր հայրենիքի, բանակի մասին և այդպիսի կարող ուժ են, թող դուրս գան ինտերնետային աշխարհից և հստակ առաջարկ ներկայացնեն: Օրինակ՝ նույն պայմաններով նույն տեխնիկան կամ ավելի լավ տեխնիկա բերեն մեր երկիր. պատրաստ ենք աշխատել նրանց հետ օրենքի սահմաններում՝ հանուն մեր երկրի բարօրության»:

Մանրամասն՝ սկզբանաղբյուր կայքում