ԱԱՏՄ թեժ գծին ահազանգող քաղաքացիներն իրենց նկատած խախտումները թույլ տված տնտեսավարողներին կարող են գտնել կասեցվածների ցանկում․ մայրաքաղաքում և մարզերում այսօր ևս ժամանակավորապես արգելվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։ Որոշների աշխատանքի արգելքն արդեն 48 և ավելի ժամով է։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերջին շրջանի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։ Խախտումներ թույլ տված հարյուրավոր տնտեսավարողների գործունեությունը պարետի որոշմամբ կասեցվում է։
Դիտարկումները փաստում են, որ վերջին շրջանում տնտեսավարողներն ավելի զգուշավոր են և անվտանգության նորմերի պահպանմանն առավել բարեխղճորեն են մոտենում։ Միաժամանակ, ամենահաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ մարդկանց կուտակումները և հերթերի թերի կառավարումը։
Այս առումով մեծ է նաև մարդկանց պատասխանատու մոտեցման կարևորությունը։
Անվտանգության խստացված նորմերի պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։ Դրանց խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, տեղեկացնելով, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման, ինչպես նաև ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանների ձևեր։ Սա կարևոր է այն առումով, որ խախտումների զգալի մասը հենց այս գրանցումներին են առնչվում։
Միաժամանակ, մշտադիտարկման աշխատանքների ընթացքում մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։
Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։