Նրանք եկվորներ չեն. Արամ Աբրահամյան

Ես Վարդան Օսկանյանի գաղափարակիցը չեմ: Ավելին՝ երբ նա, սկբունքորեն՝ արդարացիորեն, քննադատում է ներկա իշխանություններին՝ ժողովրդավարության պակասի համար, ես չեմ կարող չհիշել, որ նա աշխատում էր մի վարչակազմում, որի ժամանակ ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը ավելի շատ էին ճնշվում, քան հիմա: Օրինակ՝ հարցազրույցներից մեկում պարոն Օսկանյանը դժգոհում էր, որ որոշ հեռուստաընկերություններ միակողմանի են լուսաբանում իր խնդիրը: Իսկ նա կարո՞ղ է հիշել մի դեպք, երբ Քոչարյանի իշխանության օրոք որեւէ հեռուստաընկերություն համանման դեպքում ներկայացներ իշխանության կողմից հետապնդվողի եւ նրա կողմնակիցների տեսակետը, ինչն այսօր շատերը ազատորեն անում են:

Այսքանով հանդերձ՝ ես ցավ զգացի, երբ հանրապետականներից մեկը նախկին արտգործնախարարին «եկվոր» անվանեց: Ինձ թվում է՝ դա սխալ է. 20 տարի Վարդան Օսկանյանը, Հրանտ Մարգարյանը, Հակոբ Ավետիքյանը, Ժիրայր Սեֆիլյանը եւ շատ-շատ այլ հայտնի եւ անհայտ նախկին սփյուռքահայեր մեր կողքին են: Մեզ կարող է դուր չգալ նրանց գործունեությունը, բայց պետք է խոսել հենց այդ գործունեությունից, ոչ թե նրանց աչքը կոխել իրենց «եկվոր» լինելը: Ինչ-ինչ, բայց օտար չլինելու իրավունքը նրանք վաստակել են: Բացի այդ՝ եթե խորը մտածենք, մեզանից շատերն են եկվոր: Իմ ծնողներն, օրինակ, Խորհրդային Հայաստանի տարածքում չեն ծնվել: Ուրեմն ես է՞լ եմ ծագումով եկվոր: Կարդալ ավելին