Թուրքիայում խոշոր երկրաշարժ է գրանցվել․ կա զոհ

Թուրքիայի Բինգյոլ (պատմական Բյուրակն) նահանգի Քարլըովա շրջանում՝ Բինգյոլ քաղաքից 56կմ դեպի հյուսիս 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիս 14-ին։ Ցնցումները զգացվել են նաև հարակից շրջաններում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով 21 քաղաքացու հոսպիտալացրել են, ավելի ուշ նրանցից 3-ը դուրս են գրվել հիվանդանոցից։

Թուրքական մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ փլատակների տակ մնացած 1 գյուղական ոստիկան (գյուղապահակ) է մահացել։ 

Երկրաշարժից տուժել են մի շարք աղյուսե տներ, անասնաշենքեր, ինչպես նաև դպրոցը  և  ոստիկանատունը։

Այս խոշոր երկրաշարժից ժամեր անց շուրջ 4 մագնիտուդ ուժով 77 ցնցում է գրանցվել։

Թուրքիայում ոլորտի մասնագետների կարծիքով՝ Բինգյոլում և հարակից շրջաններում ավելի խոշոր՝ շուրջ 7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է կանխատեսվում։

Այս մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով diken.com.tr-ին: