Իսկ ո՞րն է պարոն Ավինյանի համար ընդունելի լրատվամիջոց, այն անբովանդակ գովերգումներ իրականացնող լրատվամիջոցնե՞րը. Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, Factor TV-ի եթերում՝ Ավինյան-Մարության բանավեճի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է ՍիվիլՆեթի և OCCRP-ի հետաքննական հոդվածին՝ հայտարարելով, որ արդեն դատական հայց է ներկայացվել ՍիվիլՆեթի դեմ: Նա նաև նշել է, որ «մեդիան դարձել է մի մեծ աղբանոց»։ Ի պատասխան նաև իր շռայլ ծախսերին և Մարությանի պնդումներին, քաղաքապետը նշել է, թե քաղաքապետարանում կոռուպցիա չկա, որ քաղաքապետարանը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Ավինյանի այս որակումը, կոռուպցիայի վերաբերյալ արած հայտարարությունը ինչպե՞ս կգնահատեք։

– Ես կարծում եմ, որ բոլոր այն լրատվամիջոցները, որ հետաքննություն են իրականացնում, բոլոր ժամանակներում ցանկացած իշխանության համար գլխացավանք են եղել, և պատահական չէ այս վերաբերմունքը նրանց նկատմամբ, որը բոլոր ժամանակներում անփոփոխ է մնում։ 

Այս իշխանությունը ևս դարձել է հանցավոր ռեժիմ ու գնում է դեպի դիկտատուրա, իսկ ավտորիտար ռեժիմների համար ազատ մամուլի գոյությունը ինքնին վտանգավոր է, հետևաբար պետք է դիմադրեն։ Իսկ ո՞րն է պարոն Ավինյանի համար ընդունելի լրատվամիջոցը, այն անբովանդակ գովերգումներ իրականացնող լրատվամիջոցնե՞րը, որոնք չափ ու սահմանն անցնում են, այդ թվում նաև՝ հեռուստաընկերությունները։ Հ1՞-ն է իր համար ընդունելի, որը բոլոր ժամանակներում օրվա իշխանությանն է գովերգել ու ծափահարել։ Ամեն ինչ գնում է այնպես, ինչպես պետք է գնար, որովհետև իշխանությունն այլևս իշխանություն չէ, ավտորիտարից գնում է դեպի դիկտատուրա, իսկ այդ պարագայում սա շատ նորմալ վերաբերմունք է։ 

– Կոռուպցիայի վերաբերյալ նաև արդարադատության նախարարն է հայտարարություն արել, նշելով, թե այսօր Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Ձեր գնահատմամբ՝ իսկապե՞ս հեղափոխական իշխանությանը հաջողվել է համակարգային կոռուպցիան վերացնել երկրից։ 

– Նախ անդրադառնամ Տիգրան Ավինյանի հայտարարությանը այդ մասով․ ես նույն բանը լսել եմ Երևանի գրեթե բոլոր քաղաքապետներից, չի եղել մի քաղաքապետ, որն ասեր՝ այո՛, իմ կառավարման օրոք եղել է կոռուպցիա, բայց եթե չկա կոռուպցիա՝ ինչի՞ դեմ է պայքարում պարոն Ավինյանը, բացակայող բանի դեմ ինչպե՞ս կարող ես պայքարել։ 

Երկու տարբերակ կա․ կա՛մ պարոն Ավինյանը անձեռնհաս է, պատկերացում չունի՝ ինչի՛ մասին է խոսում, կա՛մ նա այդ կոռուպցիայի մաս է կազմում, ու, հետևաբար, իր համար դա, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, մատաղի նման միշտ ընդունելի է, ինքը դա ընկալում է որպես մատաղ, այլ ոչ թե կոռուպցիա։ 

Ինչ վերաբերում է Սրբուհի Գալյանի հայտարարությանը․ անգամ ԱՄՆ պետքարտուղարության վերջին տարվա զեկույցում կար արձանագրում առ այն, որ Հայաստանում առկա է համակարգային կոռուպցիա։ Ես չգիտեմ, թե ի՛նչ չափանիշով է տիկին նախարարը չափել դա, բայց շատ եմ ափսոսում, որ տիկին Գալյանը, լինելով գրագետ, լավ կադր, ստիպված է օրվա իշխանության կուսակցական նպատակներից ելնելով գնալ այսպիսի քայլերի ու պարտադրված արտահայտել նման «հանճարեղ» մտքեր։ Ցանկացած անձ, որը եկել է այդ պաշտոնը զբաղեցնելու, ստիպված է եղել խաղալ օրվա կուսակցության, իշխանության օրակարգով, այլ ոչ թե իրականությունով։ 

Մենք լսել ենք և՛ Կարեն Անդրեասյանի անհեթեթ հայտարարությունները, և՛ Գրիգոր Մինասյանին են ստիպել դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված հայտարարություն անել, այսինքն՝ ցանկացած մեկից, որին պաշտոն են տալիս, պահանջում են նաև արդարացնել իրականությանը, իրավունքին, Սահմանադրությանը չհամապատասխանող գործողությունները։ Ու շատ եմ ափսոսում, որ Սրբուհի Գալյանը դարձավ այդ զոհերից մեկը, Սրբուհի Գալյանի անկման պրոցեսը համարում ենք բացված, շատ ափսոսում եմ։ 

– Տիկի՛ն Կարապետյանց, իսկ դուք ակնկալում էիք, որ Սրբուհի Գալյանը հակադարձելո՞ւ էր։

– Միանշանակ ո՛չ, որովհետև Նիկոլ Փաշինյանը իրեն հակառակվող որևէ մեկին երբեք չէր նշանակի որևէ պաշտոնի։ Բոլոր այն մարդիկ, որոնք պատրաստ չեն Նիկոլ Փաշինյանի նկարը կախել, այդ նկարի հետ խոսել, բացարձակ հավատարմություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, ЖЭК-ի պետի պաշտոնում էլ չեն կարող նշանակվել։ 

Այդ նույն տրամաբանությամբ իրենք գնացել են անգամ դպրոցի տնօրենների փոփոխության, մարդիկ, որոնք չեն կիսում իրենց տեսակետները, չեն կարող որևէ պաշտոն զբաղեցնել: Ուղղակի հետաքրքիր է, թե երբ է սպառվելու այդ մարդկանց ցուցակը, որոնք պատրաստ են իրենց բարի համբավը, անցած ճանապարհն ու գիտելիքը, ի վերջո, իրենց ու իրենց երեխաների ապագան զոհաբերել հանուն նրա, որ Նիկոլ Փաշինյանն ու իրենց նեղ խմբակը ինքնահաստատվեն։ 

– Կոռուպցիան միայն փող տալ-փող վերցնե՞լ է, թե՞ կան նաև կոռուպցիայի այլ դրսևորումներ, որոնք այս իշխանությունը անտեսում է։ 

– Անշուշտ կոռուպցիան ավելի բարդ համակարգային խնդիր է՝ սկսած զանգերով հարցեր լուծելուց, բարեկամներին ինչ-որ պաշտոնների նշանակելուց միայն այն տրամաբանությամբ, որ քեզ հավատարիմ են կամ քո թիմակիցներն են։ Ու էլի այլ բազմաթիվ դրսևորումներ ունի կոռուպցիան, ու մեր իշխանությունները շատ լավ օգտագործում են կոռուպցիայի ամբողջ «տեսականին»։

– Կոռուպցիոն դրսևորո՞ւմ է SMS-ով պատգամավորներին «խնդրել» մանդատներից հրաժարվել, նախարարներին պաշտոնից ազատելը, թե՞ ոչ։

– Դա ավելի շատ հակասահմանադրական գործողություն է ու իշխանության յուրացում, որովհետև չի կարող գործադիր իշխանության ղեկավարը, ինչքան էլ ինքը համարի, որ բարձր հեղինակություն ունի, դատական համակարգի որևէ ներկայացուցչի աշխատանքից հեռացնի, որովհետև, այո՛, նա կարող է լինել կողմնակից որևէ մեկի նշանակմանը, բայց այլևս անելիք չունի այնտեղ նշանակումից հետո։ 

Այս իշխանության հեռացումից հետո, եթե մեր բախտը բերի՝ ադեկվատ իշխանություն լինի, ապա այս մարդկանց պարտադիր պետք է քրեական պատասխանատվության ենթարկել հակասահմանադրական գործընթացներ իրականացնելու համար ու ոչ միայն այս հարցով, բազմաթիվ այլ հարցերով հակասահմանադրականության հետ կապված խնդիր է լինելու։

– Տիկի՛ն Կարապետյանց, երբ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են մի բան, իսկ իրականությունը լրիվ այլ է, նման որակումներով են արտահայտվում լրատվամիջոցների, այլ կառույցների, անձերի վերաբերյալ, սա ինչի՞ մասին է վկայում, որ իշխանությունը ոչնչի ու ոչ մեկի հետ հաշվի չի՞ նստում։

– Գիտեք թե ինչո՛ւ է այդպես վարվում, որովհետև ժամանակին մենք ունեինք լավ կամ վատ քաղաքական ընդդիմություն, որը կարողանում էր դիմակայել օրվա իշխանություններին, զուգահեռաբար ունեինք քաղհասարակություն, որի թուրն անխնա աջ ու ձախ կտրում էր, որովհետև իրենց մղումներում նրանք անկեղծ էին ու ադեկվատ։ 

Այսօր մենք չունենք քաղաքական ռեալ ընդդիմադիր կուսակցություններ, իսկ քաղհասարակության մի մեծ մասն այլևս դարձել է օրվա իշխանություններին ծառայություններ մատուցող։ Ինչ-որ զանգված կա, որը պատրաստ է իշխանության ցանկացած գործողություն արդարացնելու, եթե անգամ դրանք հակասահմանադրական են։ Կոնկրետ անուն-ազգանուն ունեցող մի խումբ մարդիկ ներկայանում են ամբողջ քաղհասարակության անունից, այդ կոնկրետ մարդիկ բոլոր դեպքերում գնում ու ներկայանում են հանդիպումների, քննարկումների, ու դրանք Նիկոլ Փաշինյանի սրտի քաղհասարակությունն են։ 

Այս իշխանություններն անգամ այնքան են լկտիացել, որ հայտարարում են, թե իրենց այս կամ այն գործողությունը հակաիրավական, հակասահմանադրական չէ, այլապես քաղհասարակությունը կարձագանքեր, ու դրանց հիման վրա քրգործեր կհարուցվեին։ Հասկանո՞ւմ եք՝ այնքան վստահ են, որ քաղհասարակությունից դիմադրություն չեն ստանալու, որովհետև քաղհասարակության շրջանում այնպես չէ, որ բոլորը վաճառված են, ուղղակի կան մարդիկ, որոնք բավարար խիզախություն չունեն այդ մեծ դիմակայության մեջ մտնելու, կան մարդիկ, որոնք չեն էլ հասկանում, թե ներսում ինչեր են կատարվում, բայց կան մարդիկ, որոնք հստակ ու ընդգծված դարձել են օրվա իշխանության սպասարկու քաղհասարակություն։ 

– Ինչո՞ւ այն ժամանակ քաղհասարակությունն այսպես ընդգծված չէր ծառայում օրվա իշխանությանը։

– Այն ժամանակ էլ կային մարդիկ, որոնք փորձում էին ինչ-որ չափով սպասարկել, բայց այսօրվա նման անկում՝ երբեք չենք ունեցել։ Միջազգային գործընկերներն այսօր հրավիրում են հանդիպումների, ասում են, իսկ որտե՞ղ է քաղհասարակությունը, Նիկոլ Փաշինյանը հրավիրում է այդ նույն մարդկանց, որոնք պատրաստ են ամեն գործողություն արդարացնել՝ սկսած ոստիկանության բռնություններից, վերջացրած հակասահմանադրական գործողություններով։ 

Սա շատ վտանգավոր է, պետականաքանդ պրոցես է գնում, հավանաբար նախկին իշխանությունները քաղհասարակության որոշ ներկայացուցիչների չէին արել այն առաջարկը, որոնք արել է այս իշխանությունը։ Շատերի համար անձնական բարեկեցությունը, շահն ավելի բարձր են գնահատվել, քան այն ֆունկցիան, որ իր վրա պետք է կրեր քաղհասարակությունը։ 

Ես իհարկե շատ լավ եմ հասկանում, թե սրանից հետո ինձ ինչ է սպասում, բայց ես հասկանում եմ, որ դու կա՛մ պետք է լռես ու հարմարվես մյուսների նման, կա՛մ սկսում ես խոսել խնդիրների մասին, որովհետև եթե հիվանդը չի ընդունում իր հիվանդ լինելը, նաև չի կարող պայքարել դրա դեմ։ Իսկ իշխանության այս վարքագիծը հետևանք է նրա, որ չկա դիմադրող, զսպող ուժ։ Մարդիկ իրենց հեղինակությունը, տարիների ապրածը վաճառում են հանուն բարեկեցության, ջհաննամ թե պետությունը վարի չի գնում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am