Այլ անձանց վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, որովհետև իշխանական գործարարների սուպերմարկետներում տեղադրված են Աննա Հակոբյանի City of smile-ի դրամահավաքի արկղերը․ Իվետա Տոնոյան

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների շրջանում մամուլում շրջանառվում էին տարբեր տեղեկություններ, որ այս կամ այն գործող պատգամավորն իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին կաշառք է բաժանում։ Բայց այդ դեպքերով քրեական գործեր չկան։ Այս մասին Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդությունները քննարկելու ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Անգամ կան ձայնագրություններ, փաստեր, բայց մինչև օրս այդ դեպքերով որևէ զարգացում, որևէ ուսումնասիրություն չկա, քրեական գործ չի հարուցվել։ Ես, իհարկե, շատ լավ եմ հասկանում, թե ինչու չի հարուցվել, որովհետև այսօրվա իշխանական գործարարների սուպերմարկետներում պարզապես տեղադրված են Աննա Հակոբյանի City of smile-ի դրամահավաքի համար նախատեսված արկղերը»,- նշեց Իվետա Տոնոյանը։

Նա նշեց, որ դատախազի՝ Ծառուկյանի վերաբերյալ ԱԺ ներկայացրած միջնորդությունը բացարձակ ապօրինի է։ «Ես, իհարկե, հասկանում եմ, որ Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակցից ունի այսօր, սակայն ձեզ չի հաջողվելու որևէ մեկին համոզել, որ ձեր ներկայացրած միջնորդության, այս մեղադրանքի հիմքում կա որևէ փաստ, որն անմիջական կերպով առնչվում է Գագիկ Ծառուկյանի հետ»,- հավելեց Իվետա Տոնոյանը։