«Բոլոր երթուղիներում ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաև օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան որակյալ սպասարկում»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` համապատասխան կառույցներին հանձնարարելով մշտական հսկողություն իրականացնել այս ուղղությամբ:
Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն` մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2012թ. շինբարեկարգման ծրագրերով նախատեսված փոսերի նորոգման և ճաքալցման աշխատանքները: Միաժամանակ զեկուցվել է, որ ավարտին են մոտենում քարաթափման և հենապատերի նորոգման ու ամրացման աշխատանքները, ինչի արդյունքում մայրաքաղաքի քարաթափման տեսանկյունից ժամանակին վտանգ ներկայացնող ճանապարհահատվածներն այլևս ապահով են ինչպես երթևեկության, այնպես էլ հետիոտների համար: