Ոստիկանության բաժիններում քաղաքացիները կրկին ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Աշտարակի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Արծվի թևեր» կոչվող տարածքում ապօրինի զենք է թողել։ Աշտարակի ոստիկաններն այդ տարածքում հայտնաբերեցին առանց գործարանային համարի ինքնաձիգ ու դատարկ պահունակ։

Գավառում բնակվող 32-ամյա մի տղամարդ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «ՏՕԶ» տիպի հրացան ու ինքնաձիգի 22 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ պապին։
«ՏՕԶ» տիպի հրացաններ են կամավոր հանձնվել նաև ոստիկանության Տավուշի բաժնում։ Հրացանները նռնակի պայթուցիչների և ինքնաձիգի փամփուշտների հետ բաժին է բերել Նավուր գյուղի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Ըստ նրա՝ դրանք իրենն են, ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել։

Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին զանգած քաղաքացին հայտնեց, որ Ապարան քաղաքի հուշարձանի կամրջի տակ հրազեն է թողել։ Ահազանգողի նշած վայրում Ապարանի ոստիկանները հայտնաբերեցին առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ։
Ձորագլուխ գյուղում բնակվող 34-ամյա մի տղամարդ դարձյալ Ապարանի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային նռնակի արկ, «Ֆ 1» տիպի պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ, ժապավենով փամփուշտներ և այլն, որոնք, ըստ նրա՝ պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ներքին Չարբախում բնակվող 56-ամյա մի տղամարդ բաժանմունքում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, նռնակի պայթուցիչներ և տարբեր տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման և հայտնաբերման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Էրեբունու բաժնում և բաժնի Նուբարաշենի բաժանմունքում։ Ահազանգի հիման վրա հայտնաբերվել են ինքնաձիգ, հակատանկային արկ և փամփուշտներ։ Նուբարաշենում բնակվող 62-ամյա մի տղամարդ էլ կամավոր հանձնել է որսորդական երկփողանի հրացան, պայթուցիչով նռնակ ու 100-ից ավելի փամփուշտ։ Նուբարաշենում բնակվող մեկ այլ տղամարդ էլ կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն, պայթուցիչով նռնակ, պահունակներ, 200-ից ավելի փամփուշտ և այլն։

Երևանի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ երկփողանի հրացան ու 330-ից ավելի փամփուշտ է հանձնել ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Ըստ նրա՝ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը։

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։