Տեսակապի ձևաչափով հանդիպել են ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը

Հունիսի 18-ին տեսակապի ձևաչափով հանդիպել են ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որի ընթացքում գնահատական և մտքեր են փոխանակվել նոր կորոնավիրուսային համավարակի ընթացող ճգնաժամի մարտահրավերների և հնարավորությունների, ինչպես նաև ամենախոցելի և մեկուսացված համայնքների ուղղությամբ ԵՄ-Հայաստան ընդլայնված համագործակցության շուրջ։

Դեսպան Վիկտորինը արժևորել է մարզերում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական և առողջապահական մարտահրավերների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության հավասարակշռված ջանքերն՝ ընդգծելով համատեղ ծրագրերի և նոր առաջնային նշանակության հանրային ներդրումների իրականացման կարևորությունը, որը կարող է խթանել վերականգնմանն ուղղված տարբեր ծրագրեր։

Դեսպան Վիկտորինն ու նախարար Պապիկյանը նաև փոխադարձ համաձայնության են եկել՝ համագործակցելու երկրում թռիչքային անվտանգության չափանիշների բարելավման ուղղությամբ՝ ՀԸԳՀ և Արևելյան գործընկերության չափորոշիչներին համահունչ։

ԵՄ-ն և իր անդամ պետությունները աշխատում են միասին «Team Europe» մոտեցմամբ՝ ՀՀ քաղաքացիներին և բիզնեսներին միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում սոցիալ տնտեսական վերականգնմանը և մարզերում դիմակայության բարձրացմանն աջակցելու ուղղությամբ։ ԵՄ-ն և Հայաստանը փոխգործակցում են ԵՆԲ, ՎԶԵԲ, Վերականգնման վարկերի բանկ, Ֆրանսիական զարգացման գործակալություն, «Finance in Motion» ընկերություն, ՄԱԿ ԱՄՀ, ՀԲ գործընկերների հետ։ Միասին մենք ուժեղ ենք: