Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերը եւ ներհամայնքային առաջին փողոցից դեպի գերեզմանոց տանող ճանապարհը՝ մոտ 250 գծամետր երկարությամբ:
Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Զովաբերի խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի կապիտալ վերանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 7 միլիոն 200 հազար դրամը՝ Զովաբերի համայնքապետարանը:
Զովաբերի առաջին փողոցից գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն դրամ, որի 55 տոկոսը կամ 6 միլիոն 50 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 4 միլիոն 950 հազար դրամը՝ Զովաբերի համայնքապետարանը: Զովաբերի համայնքապետ Խաչիկ Բաղդասարյանի հավաստմամբ՝ երկու ծրագերն էլ գյուղի համար ունեն կենսական կարեւոր նշանակություն: «Գերեզմանոց տանող ճանապարհը գտնվում է անբարեկարգ վիճակում:
Գյուղի համար անչափ կենսական խնդիր է դարձել խմելու ջրի կանոնավոր մատակարարումը: Բավական է նշել, որ խմելու ջուրը բնակչությանը մատակարարվում է օրական 1 ժամ տեւողությամբ:Խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերը քայքայված կամ մաշված են, համակարգում ջրի կորուստները մեծ չափերի են հասնում: Բավական է ասել, որ 17 կիլոմետր երկարություն ունեցող խմելու ջրատարի արտաքին ցանցը կապիտալ նորոգման է ենթարկվել հազիվ 20 տոկոսի չափով, մնացած հատվածներում հաճախակի են տեղի ունենում խոշոր վթարներ, որոնց վերացումը ձմռան ամիսներին գրեթե անհնար է դառնում: Բարվոք վիճակում չէ նաեւ ներքին ցանցը:
Այս ծրագրով նախատեսում ենք ներքին ցանցը հիմնանորոգել 1 կիլոմետր երկարությամբ, իսկ մնացած միջոցները ներդնել արտաքին ցանցում առավել վթարված հատվածների հիմնանորոգմանը:Մոտակա տարիներին պետք է համապատասխան միջոցներ գտնենք՝ համայնքի ջրամատակարարման խնդիրը հիմովին լուծելու համար»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը։