Հայկ Գրիգորյանը հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթ զեկուցել աշխատակիցների կողմից դիմակների կրման կարգի խախտման՝ արձանագրված դեպքերի մասին

Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգի և կանոնների պահպանման, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակների կրման կարգի, արձանագրված խախտումների վերաբերյալ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահին զեկուցվել է, որ հունիսի 1-4-ը արտակարգ դրության ժամանակահատվածում Քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում եղել են աշխատակիցներ, որոնք խախտել են պարետատան կողմից հաստատված կարգը, ինչն արձանագրվել է տեսանկարահոնող սարքերով:

Հայկ Գրիգորյանը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան՝ Ներքին անվտանգության վարչության և Դեպարտամենտի անցագրային բաժնի պետերին շարունակել մոնիտորինգի իրականացումը, զննել տեսախցիկների արձանագրած խախտումները և արդյունքների մասին զեկուցել անձամբ իրեն:

«Պահանջում եմ՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից, վարչությունների, բաժինների պետերից սկսած՝ պահպանել պաշտպանիչ դիմակի կրման կարգը»,- ասել է Հայկ Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ սահմանված կարգին չհետևող աշխատակիցների կարգազանցության պատճառով կպատժվեն նաև վերջիններիս ղեկավարները:

Խախտումների կապակցությամբ որոշում է  կայացվել Քննչական կոմիտեի 32 ծառայողի նկատմամբ որպես թույլ տրված  խախտման հետևանք՝ զրկել մեկ ամսվա պարգևավճարից,   իսկ  25 քաղծառյողների նկատմամբ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամանով, նշանակվել է ծառայողական քննություն և տրվել տույժ՝ խիստ նկատողություն:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից։