«Օրենքից չխոսե՛ք». նստացույցը Մաշտոցի այգում կշարունակվի անժամկետ

«Օրենքից չխոսե՛ք». նստացույցը Մաշտոցի այգում կշարունակվի անժամկետ
«Օրենքից չխոսե՛ք». նստացույցը Մաշտոցի այգում կշարունակվի անժամկետ

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը, որի անդամները փձետրվարի 14-ին հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, իսկ փետրվարի 15-ին` գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ, հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ շարունակելու են Մաշտոցի այգում սկսված անժամկետ նստացույցը` տարածքը կրպակներից ազատելու համար:

 

Հիշեցնենք, որ Աբովյան փողոցից շաբաթներ առաջ ապամոնտաժված կրպակները այժմ տեղադրվել են Մաշտոցի այգում` «ՀայՓոստի» դիմացը, եւ որի դեմ արդեն տեւական ժամանակ է իրենց բողոքն են արտահայտում քաղաքացիներն ու «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները:

Նախաձեռնության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ «Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանի կողմից ոչ մի օրինական հիմք այդպես էլ չի ներկայացվել եւ քաղաքացիներին կոչ է արվել «օրենքից չխոսել», «ակնհայտ դարձավ, որ քաղաքապետարանը կամայական որոշում է կայացրել ի օգուտ մի քանի սեփականատերերի եւ ի հաշիվ Երևանի հանրության»:

««Հին Երևան» նախագիծը մոտ ապագայում իրագործման որեւէ շանս չունի եւ այն օգտագործվում է միայն որեւէ կերպ արդարացնելու համար այգու ապօրինի կառուցապատումը: Քաղաքապետարանի ներկայացուցիչները նաեւ չկարողացան բացատրել ինչու են մեկ հանրային տարածքից ապամոնտաժված կառույցները տեղադրել նոր հանրային այգում եւ այն էլ` կանաչապատ գոտում: Դրանց ժամանակավոր լինելու հանգամանքը չի ազատում օրենքի պահպանման պարտավորությունից եւ չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ կառույցները ժամանակավոր չեն, այլ հիմնավոր են ու նախատեսված են երկար տարիներով»,- ասված է նախաձեռնության կողմից տարածված հայտարարության մեջ:

Հեղինակները նշում են նաեւ, որ Քաղաքապետարանի ընկալման մեջ տեղ չունեն ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ եւ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՅԳԻ հասկացությունները, եւ առաջնահերթություն է տրվում խանութների տերերին:

«Ելնելով այս ամենից՝ հայտարարում ենք, որ եթե Երեւանի քաղաքապետարանը չի ցանկանում շարժվել օրենքով, ապա Մաշտոցի այգում օրեր շարունակ հերթապահող քաղաքացիներն ունեն այդ օրենքի գիտակցումը եւ այլ ելք չեն տեսնում, քան շարունակել անժամկետ նստացույցը մինչեւ այգու վերջնական ազատումը:

Միաժամանակ տեղեկացնում ենք նստացույցի մասնակիցների դեմ սկսած սադրանքների մասին եւ պատկան բոլոր մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռք առնել’ ապահովելու համար նրանց անվտանգությունը»,- ասվում է «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության կողմից տարածված հայտարարության մեջ:

Տես Ֆոտոպատմությունը

© Medialab.am