«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, Նարեկ Սամսոնյանն արդեն տասնչորս օր է՝ հացադուլի մեջ է, այդ կերպ իր բողոքն է արտահայտում, նախօրեին էլ նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն, բայց կրկին հետ են տարել բանտախուց, այսօր արդեն բժշկական կենտրոնում է: Կոնկրետ դեպքին ու առհասարակ նմանատիպ դեպքերին պետական համակարգերի, մասնավորապես, ՄԻՊ-ի արձագանքն ինչպե՞ս եք գնահատում:
– Շատ վաղուց արդեն կալանքը Հայաստանում որպես խափանման միջոց համարվում է պատիժ, այսինքն՝ իշխանությունները այս ինստիտուտն օգտագործում են որպես պատժի միջոց, համարելով, որ եթե նույնիսկ տվյալ գործով դատավճիռ չլինի, միևնույն է, մի քանի ամսվա մեջ այդ մարդուն կալանքի տակ պահելը, նրա համար այնպիսի պայմաններ ստեղծելը, որ նրա առողջական վիճակը վատթարանա, հայտնվի հոգեբանական ու այլ ծանր վիճակների մեջ, դա արդեն պատիժ կլինի: Այսինքն՝ խափանման միջոցը մեր երկրում դարձրել են պատժի ինստիտուտ, ու սա շատ վատ է:
Մենք տեսանք, որ նախորդ տարում քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը շատ էին, իսկ այդ վիճակագրությունը խոսում է այն մասին, որ այդ հիմարկներում կան շատ լուրջ խնդիրներ, ու այդ համակարգը չի կարողանում առկա խնդիրները լուծել: Կա՛մ դա կատարվում է որոշակի պատվերով, այսինքն՝ մարդկանց միտումնավոր հասցնել այնպիսի վիճակի, որպեսզի նրանք չկարողանան ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ստանալ, խոշտանգման ձևով պատժեն նրանց կալանքի ընթացքում, կա՛մ պարզապես քրեակատարողական ինստիտուտում չեն կարողանում իրավիճակը պահել վերահսկողության տակ:
– Ձեր գնահատմամբ՝ ՄԻՊ-ի արձագանքները նմանատիպ դեպքերին համարժե՞ք են իրավիճակի լրջությանը։
– Բնականաբար ՄԻՊ-ի վերաբերմունքը նորմալ չէ: Այն պայմաններում, երբ մենք սովոր էինք ունենալ անկախ ՄԻՊ գրասենյակ, որն արձագանքում էր բոլոր անձանց խնդիրներին՝ անկախ այդ մարդկանց քաղաքական հայացքներից, անկախ հանգամանքից՝ ում պատվերով են հայտնվել ՔԿՀ-ում, նորմալ չէ այսօրվա ՄԻՊ-ի արձագանքը, բայց նորմալ է այն պայմաններում, որ այդ ՄԻՊ-ը իշխանության սրտի ՄԻՊ-ն է:
Ես մի առիթով ասել եմ, որ այն իշխանությունը, որը գովաբանում է ՄԻՊ գրասենյակին, ապա մենք պետք է վերապահումով մոտենանք այսպիսի կառույցին, որովհետև դա նշանակում է, որ այդ ՄԻՊ-ը չի գործադրում բավարար ջանքեր՝ քաղաքացիներին պաշտպանելու պետական ապարատից ու, մասնավորապես, իշխանության ներկայացուցիչների պատվերներից ու իշխանության չարաշահումներից:
Ընդհանուր առմամբ՝ պետք է նշեմ, որ հայհոյանքի ու վիրավորանքի պրակտիկան հայաստանյան քաղաքականության մեջ շատ արմատացած է, ու այդ պրակտիկան կիրառում են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական գործիչները, բայց իրավապահ համակարգն աշխատում է միայն ընդդիմադիր գործիչների ուղղությամբ: Պարզ է, չէ՞, որ միայն Նարեկ Սամսոնյանը չէ, որ հայհոյանք է տվել:
– Ձեր խոսքում ասացիք, որ վաղուց արդեն Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց դարձել է պատժի միջոց, ըստ ձեզ՝ ի՞նչ նպատակով են կալանքի միջոցով պատժում մարդկանց:
– Մի դեպքում, օրինակ՝ նախկին նախագահների կամ այլ գործիչների պարագայում, որոնց նկատմամբ իշխանությունը չի կարող դատական գործերը հասցնել իրենց հանգուցալուծմանը, այսինքն՝ որ այդ մարդկանց վերաբերյալ ընդունվեն դատական վճիռներ, կիրառում են կալանք նրանց նկատմամբ, որ մարդկանց ցույց տան, թե այդ մարդը պատժվեց, որովհետև արդեն նստած է քրեակատարողական հիմնարկում:
Պարզ է, չէ՞, որ մեր հանրության մոտ, հատկապես այն դեպքում, երբ իրավագիտակցության ու կրթական մակարդակը ցածր է, մարդիկ կալանքը ու պատիժը իրարից չեն տարբերում: Կալանքը որպես խափանման միջոց ստացած անձինք, որոնք այս կամ այն ժամկետով նստում են ՔԿՀ-ում, հանրության աչքին երևում են իբրև դատապարտված ու պատիժը կրած անձ, օրինակ՝ երկրորդ նախագահի դեպքում: Այս կերպ իշխանությունը փորձում է հանգստացնել հանրությանը, որ տեսեք՝ այդ մարդը պատժվեց:
Երրորդ դեպքում՝ կիրառում են այս միջոցը, որպեսզի մարդը հետագայում հետ կանգնի այս կամ այն քայլն անելուց: Կոնկրետ Նարեկ Սամսոնյանին մեկ անգամ կալանավորեցին, որպեսզի նույն արարքն այլևս չկրկնի, նա դուրս եկավ ու շարունակեց նույնն անել, երկրորդ անգամ կալանավորեցին, բայց արդեն որոշակի ավելի վատ պայմաններում են նրան դրել, որ նա որոշել է հացադուլի դիմել, այսինքն՝ վիճակն ավելի ծանր է հիմա, քան առաջին կալանքի դեպքում:
Լավ կլիներ, որ իրավական համակարգը այս մոտեցումը կիրառեր նաև իշխանության յուրայինների նկատմամբ, ոչ միայն ընդդիմադիրների: Եթե չեն կիրառում բոլորի նկատմամբ, նշանակում է, Հայաստանում չկա իրավահավասարություն, որ որոշ մարդիկ օրենքի առաջ հավասար են, որոշ մարդիկ՝ էլ ավելի, որ Հայաստանում գործում է ընտրովի արդարադատություն, դրա համար էլ հիմա մարդիկ հաճախ իրենց հարցերը լուծում են փողոցի միջոցով, որովհետև տեսնում են, որ պատժվում են միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողները, իսկ իշխանության յուրայինները՝ ոչ, դրա համար էլ երկրում հանցագործությունների թիվն աճում է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















