Միացյալ Թագավորությունից` Հայաստան. Candoco-ի պարերը` հայերի համար

Միացյալ Թագավորությունից` Հայաստան. Candoco-ի պարերը` հայերի համար
Միացյալ Թագավորությունից` Հայաստան. Candoco-ի պարերը` հայերի համար

Հունվարի 31-ին ժամը 15.00-ին Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում Միացյալ Թագավորության Candoco պարային խմբի անդամները, Գյումրիի և Երևանի խուլ պարողները ու «Միհր» թատերական խմբի ներկայացուցիչները լրագրողների համար կներկայացնեն պարային համարներ: Candoco պարային խումբը Միացյալ Թագավորությունում ներառական պարարվեստի ոլորտի առաջատարներից է, որի դասընթացավարները կանցկացնեն երկօրյա վարպետության դասընթաց:
Ներառական պարային դասընթաց Հայաստանում
«Candoco-ն ապացուցեց, որ վիրտուոզ պար ցուցադրելը որևէ մեկի մենաշնորհը չէ: Նրանց բեմադրած պարը գրավչության և խիզախության միավորում է»,-գրում է The Guardian-ը:
Candoco ներառական պարային ընկերությունը հիմնադրվել է 1991թ-ին, որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ: Candoco-ի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային կարողությունների մասին պատկերացումները և արվեստի ուժի միջոցով ստիպում հավատալ մարդկային անսահման հնարավորություններին:

Երևանի խուլերի սպորտի և մշակույթի պալատին կից արդեն հինգ տարի է գործում է ինքնագործ պարի խումբ: Հայկական ժողովրդական պարային համարներով նրանք հանդես են եկել բարեգործական համերգներով, բայց և փորձում են նոր պարեր բեմադրել այլ ժանրերում ևս: Գյուրիում ևս նմանատիպ խումբ է գործում: Սիրողական այս խմբի անդամներն ակտիվ համերգային ծրագրերով հանդես չեն գալիս, սակայն ասում են, որ կանոնավոր պարապում են և փորձում նոր պարային համարներ բեմադրել:

Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին Երևանի խուլերի սպորտի և մշակույթի պալատին կից ինքնագործ խմբի անդամներն ու Գյումրիի խուլ պարողները «Միհր» թատերական խմբի ներկայացուցիչների հետ կմասնակցեն Միացյալ Թագավորության Candoco պարային խմբի դասընթացներին: Candoco պարային խմբի ներկայացուցիչներ Վելլի Օ’Բրայենը և Քրիս Օուենը հայ մասնակիցներին կծանոթացնեն ընկերության փորձին, կուսուցանեն ժամանակակից պարային տեխնիկաներ` հնարավորություն տալով մասնակիցներին բացահայտելու նոր գաղափարներ և բեմադրելու սեփական համարները: Ներառական պարի դասընթացներից հետո մարտին խումբը Երևանում հանդես կգա համերգներով:

Դասընթացավարներ

Վելլի Օ’Բրայենն սկսել է համագործակցել Candoco-ի հետ 1998թվականին, իսկ 2000-ին դարձել է ընկերության լիիրավ անդամը: Նա Candoco-ի հետ համագործակցությամբ հանդես է եկել միջազգային ճանաչում ունեցող բեմադրություններում և կարևոր դեր է կատարել ընկերության լայնածավալ կրթական ծրագրերի տարածման գործում:

Քրիս Օուենն ուսանել է ժամանակակից պարի Հյուսիսային դպրոցում, այնուհետև` Լոնդոնի ժամանակակից պարի դպրոցում: Ավարտելուց հետո նա աշխատել է բազմաթիվ պարային ընկերությունների հետ: Քրիս Օուենը Candoco-ի գործընկերներից է և վերապատրաստման դասընթացներ է անցկացնում տարբեր երկրներում:

Այս մասին տեղեկացնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը:

© Medialab.am