Եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը. վարչապետի խոսնակը արձագանքել է Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին․

Կարդացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարությունները ու պիտի ասեմ, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են: Նա պնդում է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում:

Միամտորեն մտածել ենք, թե պարոն Ալիեւը ծանոթ է անտիկ պատմագրության ամենապոպուլյար գործերին՝ Հերոդոտոսի պատմությանը, Քսենոփոնի «Նահանջ բյուրոց»-ին, Ստրաբոնի «Աշխարհագրությանը», Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի, Կասսիուսի, Ապպիանոսի, Տակիտոսի, Ամմիանոս Մարկելինոսի, արաբ հեղինակներ Բալաձորիի, Ալ Մասուդիի, եվրոպացի նշանավոր ճանապարհորդներ՝ Ռուբրուկի ու Մարկո Պոլոյի երկերին, որոնցում ահռելի նյութ է զետեղված աստվածաշնչյան Հայաստան-Արմենիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին։
Եթե պարոն Ալիեւը վերոնշյալ հեղինակներին չի վստահում, գոնե բարի լիներ կարդալ 16-19-րդ դարերի օսմանցի հեղինակներին՝ Իբրահիմ Փեւչեւիին, Մուստաֆա Նայիմային, Ռաշիդին, Իսմայիլ Ասըմ Էֆենդիին, Սուլեյման Իզղիին, Քյաթիբ Չելեբիին, Ահմեդ Ջեւդեթ փաշային, Էվլիա Չելեբիին, որոնցից մի մասը ոչ միայն առատ տեղեկություններ է հաղորդել Հայաստան աշխարհի մասին, այլեւ ճամփորդելով Արմենիա-Էրմենիստանով, շփվել է նրա հայ-քրիստոնյա բնակիչների հետ։

Հակառակ դեպքում 19-րդ դարի որեւէ փաստաթղթում հայերի հիշատակված լինել-չլինելու մասին խոսելով ինքն իրեն վատ վիճակի մեջ չէր դնի: Անտիկ ժամանակից հայերը եւ Հայաստանը հիշատակվում են պատմագրական երկերում, պատմական փաստաթղթերում, քարտեզներում:

Կարծել ենք, թե պարոն Ալիեւի իմացությունը նրան պիտի թույլ տար լավ իմանալ դեռեւս վաղ միջնադարում Արցախում հայերի կողմից կառուցված ու հայատառ արձանագրություններով պարուրված Ամարասի, Դադիվանքի, 13-րդ դարի Գանձասարի մասին:

Վերջինս ի դեպ, մինչեւ պարոն Ալիեւի հիշատակած Քյուրակչայի պայմանագրի ժամանակները 18-րդ դարի առաջին կեսին Արցախում հայերի կողմից ստեղծված, Իրանի Նադիր շահի կողմից հատուկ հրովարտակով Իրանի դաշնակից երկիր ճանաչված Խամսայի մելիքությունների հոգեւոր կենտրոնն էր:

Եվ ոչ թե վարչապետ Փաշինյանն է ասում, որ Արցախը Հայաստան է, այլ հենց Ամարասը, հենց Դադիվանքը, հենց Գանձասարը՝ իրենց հայերեն գրավոր արձանագրություններով:

Պարոն Ալիեւը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել:

Գոնե վերոնշյալ հեղինակներից ամաչեր:

Ճիշտ է, նրանք Ադրբեջանի մասին ոչինչ չեն գրել, բայց նրանք հո մեղավոր չեն, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում մինչեւ 1918 թվականը նման երկրի չեն հանդիպել: Եթե նկատի ունի իրանական Ատրպատականը, որն այժմ էլ իր տեղում է՝ Իրանի հյուսիս-արեւմուտքում, ապա այն որեւէ կապ չունի իր ղեկավարած երկրի հետ։ Եթե այդ հարցում էլ խարխափում է, ապա կարող է դիմել ժամանակակից իրանցի պատմաբաններին, նրանք կհարստացնեն պարոն Ալիեւի գիտելիքները։

Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, պարոն Ալիեւի վերջին հայտարարության մեջ հստակ հիշատակված է հարցի չկարգավորման պատճառը. այն է, Արցախի ժողովրդի իրավունքների լիակատար անտեսումը:
Եվ ինչպե՞ս պետք է սրան արձագանքեն Արցախի քաղաքացիները: Բնականաբար՝ իրենց իրավունքները պիտի պաշտպանեն, եւ քանի դեռ Ադրբեջանն այդ իրավունքը չի ճանաչել, բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել:

Ներառյալ՝ սեփական իրավունքների շուրջ ընթացող բանակցություններին արցախահայության լիարժեք մասնակցելու իրավունքը:

Ի վերջո, վարչապետ Փաշինյանը բանակցությունների գործընթացն արդյունավետ դարձնելու հստակ բանաձեւ է առաջարկել. Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձեւն ընդունում է միջազգային հանրությունը, բայց այս բանաձեւը չի ընդունում պարոն Ալիեւը, պնդելով, թե հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար:

Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ: Եվ ինչու՞ է անընդհատ պնդում, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում:

Մեր արձագանքը նույնն է. եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը:

Պարոն Ալիեւը հարցի չկարգավորման մեջ մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Հայաստանին, պատմական արդարությանը, մինչդեռ պիտի մեղադրի միայն ինքն իրեն, որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից: