«Քաղաքական ուժերը ոչ թե պետք է խնդիրներ ստեղծեն ժողովրդի համար, այլ լուծեն»․ Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը

– Պարո՛ն Զորիկյան, հայտարարվեց, որ հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են անցկացվելու։ Քաղաքական ուժերը վերջին ամիսներին, թեպետ հանրահավաքներ են անում, սակայն հասարակությանը կոնկրետ ծրագրեր չեն ներկայացնում։ Նախընտրական շրջանում ի՞նչ պետք է ներկայացնել մարդկանց, որպեսզի կարողանան կողմնորոշվել ընտրություն կատարելիս։

– Արդեն որոշվել է, որ արտահերթ ընտրություններ են անցկացվելու։ Դե, պետք է լինեն այդ ընտրությունները, չգիտեմ՝ ի՛նչ պետք է լինի, որ խանգարի դրանց անցկացմանը։ Առաջին անգամ չենք ընտրությունների մասնակցելու, այսինքն՝ հները շատ լավ գիտեն, թե ինչ է դա, նորերը պիտի ապահովեն ընտրությունների թափանցիկությունը։

– Նշվում է, որ երկրում ճգնաժամ կա, արդյոք այդ ընտրությունների անցկացմամբ ճգնաժամը կլուծվի՞։

– Անկեղծ ասած, ես շատ բաներ չեմ պատկերացնում, երբ չի ներկայացվում ծրագիր։ Ընդդիմության կողմից ասվում է՝ «եթե մենք գանք, էլի բան չի փոխվելու»։ Որոշ ուղղություններով անգամ բառացի է ասվել, որ այդ փաստաթղթի հետ ոչ մի բան հնարավոր չէ անել, այսինքն՝ ով էլ գա՝ նույնն է լինելու։ Այսօր քաղաքական դաշտը բացահայտ ասում է՝ «մեզնից ոչինչ կախված չէ»։ Սա ահավոր բան է։

– Հետևաբար, ընտրությունը դառնում է աթոռակռիվ։

– Այո՛, դա արդեն գուբերնիա է, ես չգիտեմ ինչ է։ Ինչ-որ պատասխանատու պիտի դնեն, եթե իրոք այդպես է, չգիտեմ, համենայնդեպս, այդպիսի տպավորություն է։

Բայց եթե նույնիսկ մեզնից ոչինչ կախված չէ, միևնույն է, մարդիկ ներկայացնում են ինչ-որ ծրագրեր։ Ի վերջո, ճիշտն այն է, որ ոչ թե անձին ընտրես, այլ ընտրես ներկայացված ծրագիրը, ոչ թե ընտրես այս կամ այն քաղաքական ուժին, կուսակցության ներկայացուցչին, այլ ընտրես նրանց ներկայացրած ծրագիրը։

Էական են ներկայացված ծրագիրը ու դրա իրագործման ուղիները, ժամկետները։ Եթե այս ամենը չկա, սա իրոք ճգնաժամ է։ Ի վերջո, ընտրությունն ի՞նչ է, պիտի լինեն մի քանի գերագույն խնդիրներ, որոնք այսօր ծառացել են ՀՀ ողջ ժողովրդի առաջ, և քաղաքական ուժերը պետք է առաջարկեն այդ լուծման ուղիները։ Եվ ժողովուրդը պետք է որոշի։

– Այդ խնդիրներից կարևորն այս փուլում երկրի անվտանգությա՞ն հարցն է։

– Այդ թվում՝ դա, բոլորը գիտեն, թե ի՛նչ հարցեր են այսօր ծառացած։ Բայց լուծման ուղիներ, գործողությունների ծրագիր պիտի ներկայացնեն։

Ընդդիմադիր ուժերը մոտ 4 ամիս փողոցային պայքար են իրականացնում, վերջին շրջանում փակել են Բաղրամյան պողոտան։ Մարդիկ կարծես պասիվ են, չեն միանում ընդդիմությանը, ինչո՞ւ։ 17 կուսակցությունները նույնիսկ ապստամբությունից էին խոսում։

– Դե, մենք այդ ապստամբությունն արդեն տեսել ենք։ Եվ դա վատթարագույն սցենարն է։ Հուսամ, որ ուղղակի ասեցին։ Թող մտածեն, թե ինչո՛ւ մարդիկ դուրս չեկան։

Մարդիկ անտարբե՞ր են դարձել։ 

– Օբյեկտիվ պատճառ կա՝ պատերազմի հետևանքները։ Թևաթափ, հուսահատ են մարդիկ, դա զգացվում է։ Եվ այդ պայմաններում, երբ կոնկրետ ծրագրեր չեն առաջարկվում, դե ի՞նչ պիտի անի ժողովուրդը։ Մարդիկ իրենց դարդով են տապակվում, օրվա խնդիրն են լուծում։

Եվ դա լավ է, ես կարծում եմ՝ շատ ավելի վատ էր, երբ տարիներ առաջ իրենց բան ու գործը թողած՝ մարդիկ մասնակցում էին բազմաթիվ հանրահավաքների, ցույցերի։ Ի վերջո, այդ ամենը ոչ մի բանի չբերեց այն ժամանակ։ Ամեն մեկը պետք է իր գործին տեր կանգներ, իր ընտանիքի հոգսը հոգար։ 

Երբ ժողովրդի կարիքը լինի, կարծում եմ, ժողովուրդը միշտ ոտքի կանգնել է, շատ դեպքերում՝ նույնիսկ կառավարությունից, իշխանությունից առաջ է ընկել։ Նկատի ունեմ սրացումները, պատերազմները, երբ ժողովրդի կարիքը եղել է։

Ես միշտ ասել եմ՝ այդպես էլ բախտ չունեցանք մեր ժողովրդին արժանի ղեկավար ունենալու։ Ժողովուրդն էլ ապացուցելու բան չունի, ինքը վաղուց ապացուցել է, թե ով է, ինչ գենոֆոնդ ունի, ինչ արժեքների կրող է։ Էն որ ասում են՝ մի քանի միլիոն Նապոլեոն ունենք, իրականում ոչ մի առնչություն չունի իրականության հետ։

Այսօր ինձ թվում է, խնդիրը դա է, կարիք կա այն առաջնորդի, ով կասի ու կանի, ոչ թե անվերջ կասի։ Այդ ժամանակը վաղուց անցել է, որ մեկը ճարտար է խոսում, հոգնել ենք այդ ամեն ինչից, այսօր պետք է ասել ու գործ անել։ Ի վերջո, կամ վերընտրվելու, կամ զրոյից ընտրվելու միակ գրավականը դա է։

Ո՛չ մանիպուլյացիաներով, ո՛չ ճարտար խոսքով չես կարող ժողովրդին խաբել։ Ի վերջո, տեղում դոփում ենք, հետ ենք գնում։ Այսօր բոլորն էլ մտածում են՝ լավ, էս 30 տարին ինչի՞ն ծառայեց։

Այսինքն՝ քաղաքական ուժերը ոչ թե պետք է խնդիրներ ստեղծեն ժողովրդի համար, այլ պետք է լուծեն այդ խնդիրները։ 

Մինչև այսօր մեր բոլոր իշխանությունները խնդիր են ստեղծել ժողովրդի համար։ Ժողովուրդը միշտ ապացուցել է, որ ինքը հայրենասեր է, առանց հրամանի վազող ու սահմանը պահող է, տնտեսությունը զարգացնող է։ 

Այսինքն՝ ժողովուրդը միշտ ապացուցել է, թե ինքն ով է, նույնիսկ առանց իշխանության ժողովուրդը կարող է իր գլխի ճարը տեսնել։ Բայց էդ դեպքում իշխանության խնդիրը բա ո՞րն է։ Հերիք է պրոբլեմներ ստեղծել ժողովրդի համար, պետք է նախկիններում ստեղծված պրոբլեմներն արդեն լուծել։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am