Գեղհովիտ համայնքում կընդարձակվի լուսավորության ցանցը

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի լուսավորության ցանց՝ 5877 մետր ընդհանուր երկարությամբ:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Գեղհովիտի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 300 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 19 միլիոն 45 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոոկսը կամ 10 միլիոն 255 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը:

Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է եւ գտնվում է արդյունքների ամփոփման փուլում: «Լուսավորության ցանցը կառուցվում է համայնքի երկրորդական փողոցներում՝ թիվ 5 փողոցի մի քանի նրբանցքներում, թիվ 3 եւ 6 փողոցներում: Տեղադրվելու է 191 լուսատու:

Այս ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտը լուսավորված կլինի կիսով չափ:Մնացած թաղամասերի լուսավորման խնդիրը կլուծենք փուլերով, առաջիկա տարիներին, նույն սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։