«Փոքր տարողության ավտոբուսները երևանյան փողոցներում կհայտնվեն արդեն 2021-ի հունվարից». Հայկ Մարության

Համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 փոքր տարողության ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Հաջորդ խմբաքանակը՝ 30 ավտոբուս, կներկրվի 2021-ի հունվարին, ևս 40-ը՝ փետրվարին: Նոր ավտոբուսները երևանյան փողոցներում կհայտնվեն արդեն հունվարի կեսից: Բոլոր վարորդները կրելու են համազգեստ:

Նոր ավտոբուսները նոր տրանսպորտային պարկում անձամբ ներկայացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Ավտոբուսներն ուղևորասրահում ունեն ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ), սրահի այնպիսի բարձրություն, որ ուղևորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել, վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն, ուղևորների տեղեկացման էլեկտրոնային 4 ցուցատախտակ, կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր, ցածր հատակ՝ հաշմանդամության և մանկական սայլակների տեղավորման համար:

Քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է նաև տրանսպորտային համակարգում նախատեսվող մյուս փոփոխություններին: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ նախօրեին հայտարարված մրցույթով, կրկին համայնքային բյուջեի միջոցներով, նախատեսվում է ձեռք բերել 161 մեծ տեղատարողության՝ 8.5 մ ավտոբուսներ:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։