Ադրբեջանն ու Ռուսաստանն ուզում են վիժեցնել Վաշինգտոնի մոդերացիայի տակ ընթացող բանակցային գործընթացը. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, ի՞նչն է հիմք հանդիսացել վերջին օրերին ադրբեջանական գործողությունների համար թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։

– Նախ՝ եկեք շտկենք ու հասկանանք, որ սա ոչ թե ադրբեջանական գործողություն է, այլ՝ ռուս-ադրբեջանական։ Այն կադրերը, որոնք հրապարակվեցին Հակարիի կամրջից, որևէ երկմտանքի տեղիք այս առումով չեն թողնում։ Ե՛վ Երասխի կրակոցների, և՛ Հակարիի կամրջի մոտ ռուսների մասնակցությամբ դրոշի հետ կապված այդ տրագիկոմեդիայի պատճառն այն է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանն ուզում են վիժեցնել բանակցային գործընթացը, որն անցնում է Վաշինգտոնի մոդերացիայի տակ։ 

Այդ գործընթացը սկսվել է Բայրամովին Վաշինգտոն ուղարկելուց Ալիևի հրաժարվելուց, այդ գործընթացը սկսվել է Քիշնևի հանդիպումից, բազմիցս եմ ասել, որ Քիշնևում Ալիևի վրա ճնշում է գործադրվելու։ Ալիևին դրել են մի վիճակի մեջ, որում նրան չի մնում այլ բան, քան կրակել, սադրել ու փորձել ռազմական պրովոկացիաների միջոցով ստեղծել իրավիճակ, որը կվիժեցնի բանակցային գործընթացը: 

Այն բանակցային գործընթացը, որը շարունակվում է Վաշինգտոնի, Բրյուսելի մոդերացիայի տակ՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի գործուն մասնակցությամբ, ձեռնտու չէ Ալիևին, որովհետև 75 թվականի քարտեզներով չկա անկլավների հարց, դա հստակ է, այնտեղ չկա միջանցքի հարց, այնտեղ կա ճանապարհ, որտեղ չկա ռուսական ФСБ (Անվտանգության դաշնային ծառայություն), ու այնտեղ կա Արցախի խնդիր, որում պետք է անպայման իրացվի Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների հարցը, այս ամենը շատ հստակ է։ 

Վերոնշյալներից որևէ մեկը ձեռնտու չէ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Ռուսաստանին, այդ իսկ  պատճառով, չունենալով այլընտրանք, Ալիևը սկսել է կրակել։ Ալիևը սկսել է զբաղվել կապիկությամբ՝ դրոշ բերել, կանգնեցնել, ու այդ ամբողջ տրագիկոմեդիկ ֆարսին մասնակից է Ռուսաստանը, սրանով իրենք փորձում են ճնշել Հայաստանին ու ստիպել հրաժարվել վաշինգտոնյան հարթակից։ 

– Հայաստանը տեղի կտա՞ այդ ճնշումներին։

– Չեմ կարող ձեր հարցին պատասխանել, ես ծանոթ չեմ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանն այս հարցում, միակ որոշում ընդունողը, ցավոք սրտի, նա է, ես կարող եմ հույս ունենալ, որ այս ամենը, ինչի մասին խոսեցի, շատ լավ հասկանում է նաև նա ու տեղի չի տա։ 

Ես ուզում եմ հիշեցնել, որ անցյալ տարի՝ 2022-ին, մենք ունեցել ենք նույն իրավիճակը, երբ Պրահայում բանակցությունների ժամանակ փափուկ ճնշում գործադրվեց Ալիևի վրա, նա վերադարձավ Մոսկվա, հետո Փաշինյանը գնաց Սոչի, հետո Պրահայի գործընթացի վրա խաչ քաշվեց, բանակցությունները կանգնեցին, նորից Ռուսաստանն ակտիվացավ, ու հետո՝ սեպտեմբերի 13-ին, մենք ստացանք ադրբեջանական ագրեսիան իր բոլոր հետևանքներով։ 

Այս ամենը տեղի ունեցավ նրա հետևանքով, որ Հայաստանը տեղի տվեց ճնշումներին ու գնաց Ադրբեջանի ու Ռուսաստանի հետևից։ Հույս ունեմ, որ երկրորդ անգամ նույն գետը չեն մտնելու։ Բայց այն, որ եթե մենք հրաժարվենք վաշինգտոնյան հարթակից, կստանանք նոր կորուստներ, ռուսական ФСБ Հայաստանի տարածքում, «Զանգեզուրի միջանցք», «անկլավներ» կհանձնենք՝ դա հարյուր տոկոսով ակնհայտ է։ 

– «Զանգեզուրի միջանցքի» մասով Էրդողանի վերջին հայտարարությունը, թե Հայաստանից չէ խնդիրը, այլ՝ Իրանից, ի՞նչ էր նշանակում։

– Ես կարող եմ ենթադրել, որ դա քաղաքական տրյուկ էր, Էրդողանն ուզում է ցույց տալ, որ Հայաստանն իրականում ոչինչ չի որոշում, որ որոշում ընդունում է Իրանը, երևի՝ Արևմուտքը։ Սա իրականում բացահայտ սուտ է, ես ուզում եմ շեշտել, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման միակ հնարավորությունը Հայաստանի համաձայնությունն է, մինչև չլինի այդ համաձայնությունը, չի լինելու նաև այդ միջանցքը, սա փաստ է։ 

Ո՛չ Իրանը, ո՛չ Արևմուտքը չեն կարող խոչընդոտել սրան, եթե Հայաստանը տա իր համաձայնությունը։ Ոնց ուզում եք մտածեք, բայց Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է։ Մենք պետք է մեր դիրքերը պինդ պահենք, հասկանանք, որ ունենք աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակ, ունենք իրավիճակային դաշնակիցներ, ընդհանուր շահեր քաղաքակիրթ աշխարհի հետ ու չպետք է հանձնվենք, պետք է կռվենք, չեմ ասում՝ զենքով կռվենք, դրա համար կան այլ ճանապարհներ՝ դիվանագիտություն, քաղաքականություն, ընդհանուր շահ։

– Պարո՛ն Ստեփանյան, իսկ ձեր ասած ընդհանուր շահերը, աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակը որքանո՞վ է հայկական դիվանագիտությունը արդյունավետ կիրառում այսօր։

– Տեսնում եմ, որ կիրառում է, բայց ոչ այն չափով, որով ես կուզեի, բազմիցս եմ ասել, որ մենք պետք է քաղաքական պայմանագրեր կապենք՝ առաջին հերքին ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, մենք քաղաքական պայմանագիր պետք է կապենք արդեն Հնդկաստանի հետ։ Քաղաքական լուրջ պայմանագրեր, չեմ ասում՝ ռազմաքաղաքական, քանի դեռ մենք այդ ՀԱՊԿ կոչվող կառույցում ենք, դա չենք կարող անել, բայց գոնե քաղաքական առումով կարող ենք անել։ 

Ամեն ինչ պետք է անենք, որ գնալով ռուսական ներկայությունն այստեղ կրճատենք, որովհետև Ռուսաստանը, ցավոք սրտի, Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամին է, սա արդեն փաստ է։ Կարծում եմ, որ Հայաստանում արդեն մարդ չի մնացել, որ չի համոզվել դրանում․ Ադրբեջանի դրոշը տնկվեց Հայաստանի տարածքում ռուսի ձեռքով, ռուսը եկավ փակեց ադրբեջանցուն, որ նա իր գործն անի, այդ կադրերը բոլորը տեսել են: Եթե մինչ օրս մենք ասում էինք, որ թշնամի է, մեզ ասում էին՝ ո՛չ, սխալվում եք, դուք արևմտամետ եք, սորոսական եք, չգիտեմ ինչ եք, հիմա այդ ամենն արդեն ակնհայտ երևում է։ 

– Կարծում եք՝ Ադրբեջանը հրադադարի խախտումներն այս ինտենսիվությա՞մբ կշարունակի, թե՞ ինչ-որ պահի ավելի լայնամասշտաբ գործողությունների կգնա։

– Ոչ ոք չի կարող ասել, ես գիտեմ մեկ բան, որ մենք մշտապես պետք է պատրաստ լինենք այդ ագրեսիային։ Մենք պետք է նախաձեռնող լինենք, բոլոր դռները թակենք, փոխենք մեր քաղաքականությունը, պետք է հասկանանք՝ ինչ են մեզանից ուզում, որովհետև Ռուսաստանը մեզանից ուզում է ամեն ինչ, իսկ դիմացը ոչինչ չի առաջարկում։ 

Իսկ քաղաքականությունը առևտուր է, մենք պետք է այդ առևտրի մաս դառնանք, առաջարկենք, վաճառենք, գնենք, փոխանակենք, բայց ոչ նվիրենք, իսկ մենք 91-ից սկսած նվիրում ենք ու հայտնվել ենք այս իրավիճակում: Դրա վերջը պետք է տալ, մեր սխալներից պետք է սովորենք ու հասկանանք, թե որտե՛ղ ենք հայտնվել ու ինչո՛ւ։ 

Մենք կանգնել ենք պատի առաջ, որի վրա գրված է ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական տանդեմ, ու հակառակ կողմում ինչ-որ ճանապարհ է, որ չգիտես՝ ինչ է, բայց պետք է գնալ այդ ճանապարհով, շատ հնարավոր է, որ նորից վատ լինի, բայց չի բացառվում, որ լավ լինի, իսկ այստեղ արդեն պատ է։ Ավելի լավ է գնանք այդ անհայտ ճանապարհով, քան գլուխներս ջարդենք այդ պատին հարվածելով։ Սա է իրավիճակը, եթե պատկերավոր ասեմ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am