Կարո Եղնուկյանն 2 միլիոն դոլար պարգեւատրում է խոստանում. վարկածներ եւ պնդումներ` Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի շուրջ

Կարո Եղնուկյանն 2 միլիոն դոլար պարգեւատրում է խոստանում. վարկածներ եւ պնդումներ` Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի շուրջ
Կարո Եղնուկյանն 2 միլիոն դոլար պարգեւատրում է խոստանում. վարկածներ եւ պնդումներ` Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի շուրջ
Հեղինակ MediaLab

Մինչ խոսակցությունները, քննարկումներն ու տարբեր վարկածները շարունակվում են շրջանառվել օրեր առաջ ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի շուրջ, Ազգային ինքնորոշում միավորման արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը հանդես է եկել հետաքրքիր հայտարարությամբ:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում զետեղված հայտարարության մեջ, Եղնուկյանը 2 միլիոն դոլարի պարգեւատրում է խոստանում նրանց, ովքեր դեռ պնդում են Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հիշատակված վարկածներից որեւէ մեկը եւ պատրաստ են «ամենայն ճշգրտությամբ կրկնել իրենց առաջ քաշած վարկածը իրենց իսկ նկատմամբ»:

«$2.000.000 (երկու միլիոն դոլարի) պարգևատրում բոլոր նրանց, ովքեր դեռ պնդում են Հայրիկյանի մահափորձի վերաբերյալ այս երեք վարկածներից որևէ մեկը `

1. Սպանելու նպատակով չեր, այլ վախեցնելու.

2. Իր իսկ կազմակերպած «բեմադրությունն» էր.

3. Մարդասպանը պրոֆեսիոնալ չէր,

Առաջարկում եմ երկու միլիոն դոլարի ($2.000.000) պարգևատրություն`ողջ մնալու դեպքում, այն անձանց, ովքեր կարող են ամենայն ճշգրտությամբ կրկնել իրենց առաջ քաշած վարկածը իրենց իսկ նկատմամբ: Մեկ միլիոն դոլար ($1.000.000) յուրաքանչյուր փամփուշտի համար:

Առաջին և երկրորդ վարկածները ենթադրում են, որ մարդասպանը պրոֆեսիոնալ է և այնքան հմուտ, որ կարող է մոտ տարածությունից, խլացուցիչ ունեցող Nagan տեսակի ատրճանակով կրակել այնպես, որ գնդակը մտնի կրծքավանդակ` միլիմետրերի տարբերությամբ անցնելով սրտի, թոքի, ոսկրի և արյան անոթների մոտով և գնդակը ֆիքսվի փափուկ հյուսվածքներում:

Երրորդ վարկածը ենթադրում է, որ մարդասպանը 500 դոլարանոց վարձկան խուժան է, որը նույնիսկ մոտիկ տարածությունից չկարողացավ իր նպատակին հասնել, որը մի 5 տարեկան երեխան էլ կարող էր անել:

Համաձայն եմ վճարել ձեր երևակայած և փափագած killer-ին` ցանկացած երկրից, ցանկացած գործակալական ցանցից, ցանկացած քրեական աշխարհի ներկայացուցիչներից և ցանկացած փողոցային խուլիգանական խմբավորումից»,-հայտարարության մեջ նշում է Եղնուկյանը:

Կարո Եղնուկյանն իր հայտարարության մեջ նաեւ նշում է, որ «այն անձինք, ովքեր մինչ այժմ կողմ էին այս երեք վարկածներից որևէ մեկին կամ պետք է ներողություն խնդրեն, կամ մնան իրենց կարծիքին, համաձայնվեն վերոհիշյալ նշված պայմաններին և ստանան համապատասխան պարգևատրումը»:

Իսկ եթե չեն անում ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, ապա այս դեպքում Եղնուկյանն նրանց հասցեին մի շարք «թունդ խոսքեր» է ուղղում:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կատարվել էր հունվարի 31-ի գիշերը՝ նրա տան մոտ: Հայրիկյանը հրազենային վնասվածք էր ստացել ուսի շրջանում: Նա արդեն վիրահատվել է, վիճակը կայուն է:

Ինչպես ավելի ուշ հայտարարել է Պարույր Հայրիկյանը, իր վրա կրակողը հայկական դիմագծեր չի ունեցել: ԱԻՄ նախագահը տեղի ունեցածում կասկածել է «ռուսական իմպերիալիստական ուժերին»: Նա հայտարարել է, որ իրեն սպանելու նպատակ են ունեցել:

«Ինձ համար շատ մտահոգիչ է, որ այդ այլանդակը չէր խոսում, ոչ մի բառ չխոսեց, նույնիսկ էն պահին, երբ որ ինքը ճգնում էր, որ ես դադարեցնեի էդ շարժումները, գոնե մի բառ կասեր` «արա» կամ մի բան: Ոչ մի բառ: Ես ենթադրում եմ , որ դա հայ չէր, աստիճանաբար դեմքը ուրվագծվում է, եւ հայկական դիմագծեր չէին», – լրագրողներին ասել է Պարույր Հայրիկյանը:

© Medialab.am