«Հասարակությունը գերիների վերաբերյալ ունի որոշակի կաղապարված մտածելակերպ, առաջինը, որ պետք է անել, այդ անձանց անձնական կյանքը հարգելն է». Փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը

– Օրերս ևս 5 ռազմագերի վերադարձվեց Հայաստան, և հրապարակվեցին նրանց լուսանկարները: Ծնողներից մեկը օրերս նաեւ հայտարարություն էր տարածել, որով արգելում էր առանց համաձայնեցման  լրատվամիջոցներին հրապարակել իր որդու լուսանկարը: Եթե լրատվամիջոցները չեն հետևում այդ կանոններին, ի՞նչ պետք է հաջորդի դրան:

– Այդ մարդիկ կա՛մ կարող են դիմել Անձնական տվյալների պաշտպանության կոմիտե, որը վարույթ է հարուցում և վարչական տույժի ենթարկում լրատվամիջոցին, կա՛մ նրան, ով հրապարակել է լուսանկարը: 

Կապ չունի, թե ով է հրապարակողը, դա անձնական տվյալների հրապարակում է, ուստի պետք է լինի անձի համաձայնությունը: Կամ էլ պետք է չափազանց հրատապ նորություն լինի, և լրագրողը դա անի, բայց բոլոր դեպքերում այդ հրատապությունը չկա: Կամ մարդը կարող է դիմել դատարան, ինչպես նաև պահանջել, որ հրապարակողը հեռացնի դա: Կարող է լինել քաղաքացիական հայց, վնասի փոխհատուցում և այլն: 

– Իսկ եթե ծնողը դե՞մ է, որ հրապարակվի որդու լուսանկարը։

– Նախ՝ եթե քաղաքացին դիմում է, լրատվամիջոցը պետք է հեռացնի լուսանկարը: Չեմ կարծում, որ այստեղ կարող են ասել՝ հրատապությունն այնքան մեծ է, որ հասարակությունը պետք է իմանա: 

Հասարակությունն ուզում է իմանալ, որ գերիները վերադարձել են, ոչ թե կոնկրետ ո՛ր գերիներն են վերադարձել: Այսինքն՝ այստեղ անձնական տվյալի հրապարակումը բացարձակ կարևոր չէ, մանավանդ որ, պետական մարմինները համակարգված աշխատում են, հարազատներին տեղյակ են պահում և այլն: 

Լրատվամիջոցն այս դեպքում չունի այն հրատապությունը, որը գերակայում է անձնական տվյալին: Պետք է հարգել մարդու անձնական կյանքի իրավունքը, մանավանդ, դա կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: 

Եթե մեկը չի ուզում մյուսներն իմանան, որ ինքը գերի է եղել, բայց դա հրապարակվում է, դա, ի վերջո, անդառնալի հետևանք է ունենում, որը չես կարող վերականգնել: Այսինքն՝ պետք է հարգել անձի՝ մոռացված լինելու իրավունքը: 

Եթե հիշում եք՝ ԵՄ դատարանն այդպիսի մի որոշում է ընդունել, որը վերաբերում է մոռացված լինելու իրավունքին, և Google-ը բոլոր տվյալները հանում է ինտերնետից: Եթե դուք ծանոթանաք Տեղեկատվական վեճերի խորհրդի վերջին որոշմանը, հենց ռազմագերիների՝ մոռացված լինելու իրավունքի մասին է: 

– Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը ազատ է արձակում ընդամենը 5 գերու, մինչդեռ հայ ռազմագերիների թիվն Ադրբեջանում անցնում է 100-ից: Ի՞նչ քաղաքականություն է դրսևորում Ադրբեջանը, և ինչի՞ն է դա միտված:

– Եթե մենք վերցնենք զուտ իրավունքների տեսանկյունից, ապա միանշանակ մարդկանց իրավունքը խախտվում է, որովհետև ռազմական գործողություններից հետո գերիների վերադարձը պետք է անհապաղ լինի: 

Սա Ժնևի կոնվենցիայով է պայմանավորված: Անհապաղությունն արդեն խախտված է, որովհետև ամիսներ շարունակ գնում է այդ պրոցեսը: Իսկ թե ինչո՛ւ է Ադրբեջանն այդքան փոքր խմբերով և ժամանակ ձգելով ազատ արձակում ռազմագերիներին, պարզ է, որ ժամանակ է ձգում, բայց թե դրա դիմաց ի՛նչ է ստանում, մեզ՝ հասարակ մահկանացուներիս տրված չէ դա իմանալ: 

Որովհետև, որքան հասկացանք, կառավարությունը հասարակությանը տեղեկություն չի հաղորդում: Պարզ է, որ այնտեղ ինչ-որ բանակցություններ են գնում, ինչ-ինչ զիջումներ են կորզում Հայաստանից և այլն: 

Բայց կառավարությունը մեզ ինֆորմացիա չի տալիս, դրա պատասխանը կարող է տալ ինֆորմացված մարդը, իսկ մենք՝ սովորական քաղաքացիներս, ինֆորմացված չենք: Ու գնալով ավելի ու ավելի քիչ ինֆորմացիա ենք ստանում կառավարությունից: Գնալով կառավարությունը կրավորական դիրք է ընդունում, թե ինչու պետք է ես ձեզ ինֆորմացիա տամ՝ մոռանալով, որ դա հանրային իրավունք է: 

– Վարչապետը տարբեր առիթներով հայտարարել է, որ գերիների մասին այս բարձրաձայնումները վնասում են հենց գերիների վերադարձին: Կա՞ այդպիսի բան:

– Ես չեմ կարծում, որ վնասում են: Նախ՝ դա մարդկանց իրավունքն է՝ պահանջել կառավարությունից, որովհետև մենք հանրային իշխանություն ենք, ոչ թե պետական: Ուստի չպետք է նեղանալ, երբ հանրությունը պահանջում է կառավարությունից: Ստանձնե՞լ եք այդ պարտավորությունը, ուրեմն պետք է կատարեք: 

Բա մարդիկ ումի՞ց պահանջեն, հո Ալիևի՞ց չեն պահանջելու: Իսկ պնդումը, թե դա խանգարում է գերիների վերադարձին, կարծում եմ՝ միֆ է, որ զարգացնում են: Ես չեմ կարողանում պատկերացնել, թե դա ինչի՛ն պետք է խանգարի, եթե հարազատները բարձրաձայնում են իրենց որդու կորստի մասին: 

Ի՞նչ է, Ադրբեջանն այդ մասին չգիտի՞: Ես չեմ կարծում, որ դա խանգարում է որևէ իրավական կամ կիսաիրավական գործընթացի: Մարդիկ իրավունք ունեն գնալ և, ինչպես ժամանակին նշել էր վարչապետը, դռները կոտրելով պահանջել: 

Հիշո՞ւմ եք վարչապետի վերամբարձ խոսքերը, հիմա որտե՞ղ են այդ խոսքերը: Հետևաբար, անընդունելի է գործադիր իշխանության կողմից քննադատությունը, թե ինչո՛ւ եք դուք շարունակ պահանջում: Մյուս կողմից՝ ես չեմ կարծում, թե սրանով ինչ-որ գործընթաց խաթարվում է: 

Հասարակությունը չի պահանջում անուն-ազգանունով նշել, թե ովքեր են այդտեղ, բայց կառավարությունը պարտավոր է մոտավոր ինչ-որ թիվ հանրությանն ասել: Ինչ-որ ինֆորմացիա պետք է ասել, ոչ թե հայտարարել՝ այդ տեղեկությունները պետական գաղտնիք են, մանավանդ որ գերատեսչական ցանկերով չկա նման բան, որ ռազմագերիների թիվը պետական գաղտնիք լինի: Հասկանալի է, որ ճշգրիտ թիվը չունեն, բայց ինչ-որ մի թիվ պարտավոր են ասել: Այնպես որ, ես չեմ ընդունում նման պատճառաբանությունները: 

– Անվտանգության տեսանկյունից գերիների լուսանկարները հրապարակելը ի՞նչ խնդիրներ է առաջացնում:

– Ես չեմ կարող մտաբերել, թե անվտանգության առումով այստեղ ի՛նչ կարող է լինել, բայց միանշանակ է, և դա հումանիտար իրավունքով է կարգավորվում, անձնական կյանքը հարգելու իրավունք գոյություն ունի: Մարդիկ չեն ուզում, որ իրենց մասին խոսեն:

Նրանք պետք է սոցիալականացվեն, վերադառնան հասարակություն: Հասարակությունը գերիների վերաբերյալ ունի որոշակի կաղապարված մտածելակերպ: Առաջինը, որ պետք է անել, այդ անձանց անձնական կյանքը հարգելն է:

Պետք է նրանց մասին չխոսել, նրանց պատկերը ցույց չտալ, եթե նրանք դա չեն ցանկանում: Ես կարծում եմ, որ կարելի է շատ լավ ռեպորտաժ պատրաստել՝ առանց լուսանկարների կամ դրանք շղարշելով:

Մանե Հարությունյան

MediaLab.am