«Մարտի 1-ի հանցագործությունը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո»

«Մարտի 1-ի հանցագործությունը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո»
«Մարտի 1-ի հանցագործությունը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո»

«Ինչո՞ւ չի բացահայտվում մարտի 1-ի հանցագործությունը» թեմայով բանավեճը վերափոխվեց քննարկման: Բանավեճին հրավիրված ՀՀԿ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Մկրտիչ Մինասյանը վերջին պահին հրաժարվեցին մասնակցությունից: Քննարկումն անցկացվեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի, փաստաբան Սեդա Սաֆարյանի եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյան միջեւ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ մարտի 1-ի հանցագործությունը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո:

«Գործող իշխանությունը մեղավոր է եւ երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Իշխանությունը ոչ միայն արել է [մարտի 1-ը], այլեւ կոծկելու, պարտակելու ամբողջ պարտականությունն իր վրա է»,- ասում է նա:

Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը կարծում է, որ այս հանցագործության չբացահայտումն իշխանությունների ցանկության բացակայության հետևանք է:

«Ես համակարծիք եմ, որ ինչքան հեռանում ենք մարտի 1-ից, այնքան դժվարանում է մարտի 1-ի բացահայտումը, բայց նաեւ մեկ այլ տեսակետ ունեմ, որ մարտի 1-ն ի սկզբանե բացահայտված է: Փաստահավաք խումբը բազմաթիվ հարցերի գնահատականը տվել է, եւ այդ գնահատականով ամեն ինչ ասվել է»,- ասում է նա:

«Իրավունքի եւ ազատության կենտրոն»  ՀԿ ղեկավար Վարդան Հարությունյանը գտնում է, որ հանցագործությունը բացահայտված է, այլ բան է, որ մեղավորները պատժված չեն:

«Մարտի 1-ի գործը ոչ միայն բացահայտված է, անգամ մեղավորները դատապարտված են: Այն, որ նրանք վախենում են գալ, կանգնել ինձ հետ՝ տեսախցիկների առաջ, եւ խոսել մարտի 1-ից, արդեն դատապարտում է: Նրանք դատապարտված են անընդհատ փախչել տեսախցիկներից, հրապարակայնությունից, այստեղ կագնածներիցս եւ լրագրողներից»,- ասում է նա:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ եթե իշխանությունները ցանկություն հայտնեն բացահայտել մարտի 1-ի հանցագործությունը, հազարավոր մարդիկ կհավաքվեն վկայություն տալու:

«Մարդիկ վախենում են ցուցմունք տալուց, որովհետեւ գիտեն՝ ում են ցուցմունք տալու՝ ով կազմակերպել է այդ գործը»,- ասում է ՀԱԿ պատգամավորը:

Արամ Մանուկյանը վստահ է, որ կգա ժամանակ, եւ ՀՀԿ պատգամավորները կմիանան ընդդիմությանը՝ բացահայտելու մարտի 1-ի հանցագործությունը:

«Եթե ինչ-որ մեկը հրաման է տվել, ինչ-որ մեկը կրակել է, դա չի նշանակում, որ խորհրդարանում նստած բոլոր պատգամավորներն անմիջական մասնակցություն ունեն: Ով մեղքի զգացում ունի, ով ճշմարտությունը բացահայտելու ցանկություն ունի, քայլ է անելու դեպի այս կողմ»,- կարծում է նա:

Սեդա Սաֆարյանը գտնում է, որ քաղաքական երկու կողմերն էլ պետք է պատասխանատվություն կրեն մարտի 1-ի համար:

«Ես միշտ ուզեցել եմ, որ ճշմարտությունը բացահայտվի՝ անկախ նրանից, թե որ թեւից ով կբացահայտվի»,- ասում է նա:

Փաստաբանի խոսքով՝ ինքը «թեւերը չի փռի պաշտպանելու», եթե բացահայտվի, որ ՀԱԿ-ից էլ են եղել անձինք, ովքեր ջարդերով են զբաղվել:

«Փառքն էլ է առաջնորդինը, պատասխանատվությունն էլ է հետո դառնում առաջնորդի խնդիրը: Եթե մարտի 1-ը բացահայտվեր, մենք կիմանայինք, թե ընդդիմության սխալը որն է եղել, իշխանության սխալը՝ որը»,- ասում է նա:

ԱԺ-ում մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հետ փաստաբանը մեծ հույսեր չի կապում:

«Եթե փաստահավաք խումբը կազմելու ժամանակ, երբ կար անգամ միջազգային կառույցների զգոնությունը, քիչ բանի ենք հասել, այսօր պիտի այլ ճանապարհով գնանք:  Այսօր հանձնաժողովի ստեղծելը ողջունում եմ այն առումով, որ չեմ ուզում այդ արյունը մոռացվի, ուզում եմ, որ մարդիկ գոնե մխիթարվեն՝ իրենց երեխաներին սպանողին հայտնաբերելով եւ պատժելով»,- ասում է Սեդա Սաֆարյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան նույնպես չի կարծում, որ խորհրդարանական նոր հանձնաժողովը մեծ հաջողություններ կարող է գրանցել, բայց վստահ է, որ արյունը չի կարող մոռացվել, եթե նույնիսկ տարիներ շարունակ լռության մատնվի:

Երեք բանախոսներն էլ վստահ են, որ թեեւ դժվարությամբ, բայց կհասնեն մարտի 1-ի հանցագործության բացահայտմանը:

«Մեդիա կենտրոն»