«Ասեց՝ իմ տեղը լավը չի, բայց կապ չունի, ես գալու եմ, Մարին՝ երեխեն, ինձ ա սպասում». «Արիության համար» մեդալ Արմենին՝ հետմահու

«Հոկտեմբերի 25-ին իմ ծննդյան օրն էր, զանգեց, շնորհավորեց, ասեց՝ բան չի մնացել, հեսա գալու եմ։ Ասեց՝ իմ տեղը լավը չի, բայց կապ չունի, ես գալու եմ, Մարին՝ երեխեն, ինձ ա սպասում»,- հիշում է 23-ամյա Սուսաննա Բարխուդարյանը ու հուզմունքով ավելացնում, որ այդ զանգից հետո ամուսնու հետ այլևս կապ հաստատել չի կարողացել։

Սուսաննայի ամուսինը՝ 31-ամյա ավագ լեյտենանտ Արմեն Բարխուդարյանը, պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում էր։ Հակառակորդի դեմ կռվել է նախ՝ Աղդամում, այնուհետև՝ Մարտակերտում, հետո՝ Մատաղիսում։

Հոկտեմբերի 17-ին Արմեն Բարխուդարյանը Մատաղիսում զոհվել է անօդաչուի հարվածից։

Մեկ օր անց ընտանիքի անդամները իմանում են ողբերգական դեպքի մասին։ «Ընկերը զանգեց, նենց էր լացում հեռախոսի մեջ, որ անհնար էր չհասկանալ՝ ինչ է եղել»,- հուզմունքով հիշում է կինը։

Կինն ասում է՝ մարտի դաշտում ամուսնու կատարած սխրանքներից շատ բան իրեն հայտնի չէ, միայն մի անգամ ամուսինը ասել է, որ 2 ԱԹՍ է խփել։ 

«Զանգեց, ուրախ-ուրախ ասեց, որ 2 ԱԹՍ է խփել, ասեց՝ հեսա պիտի գամ, ինձ պարգևատրեն»,- հիշում է կինը։

Արմեն Բարխուդարյանը դպրոցն ավարտելուց հետո սովորել էր Արցախի պետական համալսարանում՝ ֆինանսներ բաժնում։ Բանակ զորակոչվելուց հետո որոշել է ծառությունը շարունակել և զինվորական դառնալ։ 10 տարի աշխատել է Խոջալուում, այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում 6 ամիս վերապատրաստում անցնելուց հետո ստացել ավագ լեյտենանտի կոչում և մինչև պատերազմը 2 տարի աշխատել ՊՆ-ում:

Սուսաննա ու Արմեն Բարխուդարյանները 3 տարի է՝ ինչ ամուսնացել էին, ընտանիք կազմել, երեխա ունեցել։ Բնակվում էին Ստեփանակերտ քաղաքում։ 

Կինն ասում է՝ ամուսնու բոլոր երազանքներն ու նպատակները կապված էին դստեր՝ Մարիի հետ։

«Ասում էր՝ պետք է էնպես անեմ, որ Մարին անհոգ մանկություն ունենա, աշխատեմ, Մարիին իրա նպատակներին հասցնեմ։ Մարիից բացի ուրիշ բան չէր տեսնում իր կյանքում, շատ էր սիրում Մարիին»,- ասում է ու կրկին հուզվում Սուսաննան։

Ամուսնու զոհվելուց հետո Սուսաննան ասում է՝ կյանքը գլխիվայր փոխվել է։ Հաճախ է հիշում ու կարոտում, երբ ամուսինը տուն էր գալիս, ընթրում, երեխայի հետ խաղում։

«Մութն ընկնում ա, մենակ ես լինում, հիշում ես, որ պիտի տուն գար, հաց ուտեր, երեխու հետ խաղար, հիմա էդ ամեն ինչը չկա։ Երեխեն ա իրան շուտ-շուտ հիշում, հարցեր տալիս»,- ցավով ասում է կինը։

Սուսաննան ասում է՝ հաճախ է ամուսնու ներկայությունը զգում, որոշումներ կայացնելիս զրուցում է ամուսնու հետ, իր ծրագրերի մասին պատմում։ 

«Իմ կյանքում որ մի կարևոր բան պետք է անեմ, առաջինը գնում եմ գերեզման, խոսում եմ, հետո գալիս եմ իմ գործը անում։ Ու նախաձեռնած գործերը հարթ անցնում են, իր գերեզմանը մեր համար սրբավայր ա դարձել»։

Սուսաննան ասում է՝ դժվար է համակերպվել ու ընդունել, որ ամուսինն այլևս ողջ չէ, սակայն փորձում է ուժ գտնել երեխային մեծացնելու համար։

«Հիմա մենակ իմ փոխարեն չպետք ա ապրեմ, իր փոխարեն էլ, որ երեխուն մեծացնեմ։ Բայց ինչ անում եմ երեխու համար, մեկ ա՝ քիչ ա»,- արցունքների միջից ասում է 23-ամյա կինը։

Արմեն Բարխուդարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am