Արթուր Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական՝ 11-րդ անգամ չընտրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը նախագահող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե կուզեր, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա լիներ նիստին, քանի որ հարցեր ունի նրան։

«Ճիշտ է, հանրահավաքներում կարելի է տեսակետներ ասել, բայց հանձնաժողովի նիստերը հանձնաժողովի նիստ են ու պարտադիր պահանջներ են թելադրում»,-ասաց նա: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպված նոյեմբերի 8-ի հանրահավաքում շատ վտանգավոր թեզ է լսել՝ բարիկադների մասին: «Ընտրություններից հետո բարիկադներ չկան, կան քաղաքական օրակարգերի քննարկման պետական հարթակներ, որոնցից մեկը նաև այս հանձնաժողովի նիստերն են»,-հայտարարեց Քոչարյանը: