Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 34-րդից 50-րդ հորիզոնական նահանջի ֆոնին իշխանության ներկայացուցիչները պատճառները տեսնում են նաև մեդիա դաշտում: ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ մեդիայի մի զգալի հատված շարունակում է գործել քաղաքական ազդեցությունների ներքո՝ դառնալով ազդեցության գործիք։
«Հայաստանի լրատվական դաշտի գլխավոր խնդիրը արտաքին ազդեցության գործիք ծառայելն է, ու հիբրիդային բնույթի տեղեկությունը սպրդում է մեր լրատվական դաշտ ու դառնում օրակարգ, սա է ամենավտանգավորը»։
Հիշեցնենք՝ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության հրապարակած Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի համաձայն՝ Հայաստանը 2026 թվականին հետընթաց է գրանցել՝ 16 կետով։
Ինդեքսը գնահատում է մամուլի ազատության մակարդակը՝ հաշվի առնելով քաղաքական միջավայրը, տնտեսական պայմանները, օրենսդրական դաշտը, սոցիալական գործոնները և լրագրողների անվտանգությունը։
RSF-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ «չնայած մեդիա դաշտի բազմազանությանը՝ Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են մնալ խորապես բևեռացված», իսկ երկիրը «բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի»։
Հակոբյանի խոսքով՝ պատճառները բազմաշերտ են՝ օրենսդրությունից մինչև դատական գործընթացներ, որոնք նպաստել են բացասական ցուցանիշ ունենալուն:
«Օրենսդրական դաշտի կարգավորման համար մենք, ի դեպ, շատ քայլեր ենք ձեռնարկել, բայց լրատվական դաշտը չի արձագանքել, թեև պետք է արձագանքեր, որպեսզի նաև մեխանիզմներ ներդրվեին, որի օգնությամբ առկա խնդիրները հեշտությամբ կլուծվեին»,- նշում է նա:
Դատական գործերին անդրադառնալով՝ ՔՊ պատգամավորը նշում է, որ իշխանությունը դրան ստիպված է գնացել։
«Օրինակ՝ լրատվամիջոցները պարբերաբար թիրախավորում են նույն անձանց, որը ստվեր է գցում այդ մարդու բարի համբավի, պատվի վրա, վերջինս էլ ստիպված դիմում է դատարան, որպեսզի հարցը կարգավորի, որովհետև այլ տարբերակ չի մնում»,- պարզաբանում է նա:
Անդրադառնալով լրագրողների նկատմամբ բռնության դեպքերին՝ Հակոբյանը նշում է, որ նման միջադեպեր առկա են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։
«Լրագրողներն իրենց գործունեության ընթացքում մշտապես բախվում են նման միջադեպերի, երբ բռնության դեպքեր են լինում, ու սա ամբողջ աշխարհում է, միայն մեզանում չէ»,- ասում է նա՝ որպես օրինակ հիշատակելով 24News-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպը։
Միևնույն ժամանակ, վիճակագրությունը ցույց է տալիս այլ պատկեր:
Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցի՝ ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ ճնշումների մեծ մասը, ինչպես նաև դատական հայցերի մոտ կեսը ներկայացվել են իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Խախտումների ընդհանուր թիվը հասել է 224-ի՝ 2024-ի 208-ի դիմաց։ Դրանցից 15-ը ֆիզիկական բռնության դեպքեր են, 108-ը՝ այլ ճնշումներ, 101-ը՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։
RSF-ի արձանագրած հակամեդիա հռետորաբանության վերաբերյալ դիտարկումներին արձագանքելով՝ պատգամավոր Հակոբյանը նշում է, որ լրագրողների թիրախավորումը անընդունելի է, սակայն ընդգծում է նաև մեդիայի ներսում առկա խնդիրները։
Նրա խոսքով՝ հաճախ նկատվում է տարբեր վերաբերմունք իշխանական և ընդդիմադիր գործիչների նկատմամբ, իսկ որոշ լրատվամիջոցներ, ըստ նրա, գործում են որպես քաղաքական գործիք՝ դուրս գալով լրագրողական գործունեության շրջանակից և ծառայելով որպես «քաղաքական գործիք»:
«Իհարկե, շատ վատ է ու նորմալ չէ, երբ լրագրողին թիրախավորում են, սա չէր լինի, եթե մենք նորմալ իրավիճակում աշխատեինք: Լրագրողները հաճախ խոսափողն օգտագործում են քաղաքական հայտարարությունների համար՝ իրենց վերապահելով ընդդիմադիր գործչի ֆունկցիաներ»»,-նշում է նա:
Հակոբյանը նշում է, որ խոսքի ազատության ցուցիչում հետընթաց չունենալու համար բարենպաստ պայմաններ պետք է ստեղծվեն, որպեսզի լրատվամիջոցերը ֆինանսապես անկախ լինեն ու սպասարկեն հանրության շահը, որպես դրական փոփոխություն նշում է Յություբի մոնետիզացիայի մասին:
«Մեր նախընտրական ծրագրում կետ կա, որով մենք խոստանում ենք սոցիալական կրեդիտների համակարգով լրատվամիջոցներին ֆինանսավորել,- նշում է նա։ – Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանում ոչ մի լրատվամիջոց չի գրաքննվում, որևէ լրատվամիջոց չի փակվում, ինչպես նախկինում: Որևէ լրատվամիջոցի գործունեություն չի սահմանափակվել անգամ այն դեպքում, երբ դրանք կոշտ ընդդիմադիր կեցվածք են դրսևորում»:
2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիթորինգի ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30 դեպք։ Դրանցից 1-ը՝ ֆիզիկական բռնության, 22-ը՝ տարատեսակ ճնշումների դեպքեր են, իսկ 7-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։
«Դիտարկվող ժամանակահատվածում քաղաքական շրջանակներից ԶԼՄ-ների ու լրագրողների հասցեին հնչեցված առերևույթ վիրավորանքների և սպառնալիքների, ինչպես նաև օրինական լրագրողական գործունեության խոչընդոտումների գերակշիռ մասը՝ 8 դեպքից 7-ը, եղել է իշխանության ներկայացուցիչների կողմից»,- նշվում է ԽԱՊԿ 2026-ի եռամսյակային առաջին զեկույցում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















