ՀԱՊԿ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը

Հեղինակ MediaLab

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ մտահոգությունն են հայտնում` կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման հետ, որը սկսվել է հուլիսի 12-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ռազմական բախումից հետո, այդ թվում՝ ծանր զինատեսակների կիրառմամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ»,- նշել է մամուլի խոսնակը:

ՀԱՊԿ-ը նշում է, որ ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան երկրների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ-պետություն, և վկայում է հրադադարի ռեժիմի պայմանավորվածության խախտման մասին, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև:

«Ռազմաքաղաքական ղեկավարության հատվածը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը՝ ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակներում: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»,- նշել են ՀԱՊԿ-ում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ընդգծել են այն, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կողմերին կոչ են արել հասնել հակամարտության կարգավորմանը, բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության աճ թույլ չտալու նպատակով: