Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է. Հայաստանը հետամուտ է հարցին՝ երկկողմ և բազմակողմ հարթակներում

Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ այս երկիրը երբևէ չի երկմտում զենքը քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում: Հայաստանը հետամուտ է լինելու այս հարցերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ խոցված անօդաչու թռչող սարքերից մեկը իսրայելական էր, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի մարտավարությունը Իսրայելի հետ հարաբերություններում՝ այս դեպքից հետո:

Նաղդալյանը նշեց, որ հարցը դիտարկում են առավել լայն համատեքստում: «Դա տարածաշրջանում զենքերի վաճառքն է ու սպառազինությունների մրցավազքի խթանումը տարբեր միջազգային գործընկերների կողմից: Այս հարցի առնչությամբ մենք շատ հետևողական ենք»,-ասաց խոսնակը:

Եվ ՀՀ ԱԳՆ-ն շատ զգայուն է այս հարցում, այն բարձրացնում է և երկկողմ, և միջազգային հարթակներում:

«Մեր խնդիրն այն է, որ զենքի վաճառքն Ադրբեջանին մահացու է, քանի որ Ադրբեջանը երբևէ չի երկմտում այդ զենքը քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում: Եվ այս իրադարձությունները, որոնք տեղի ունեցան հուլիսի 12-ից հետո, հաստացեցին այս պնդումների վերաբերյալ մեր փաստական ապացույցները: Մենք հետամուտ ենք լինելու այս հարցին, և այս հարցը մշտապես լինելու է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում մեր օրակարգի բաղկացուցիչ հարցը»,-ասաց Նաղդալյանը: