Հանրակրթության չափորոշիչներում կատարվում են փոփոխություններ. կառավարությունն ընդունեց նախագիծը

Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2010 թվականի ապրիլի 8-ի համապատասխան որոշման մեջ, որով հաստատված է ՀՀ-ում հանրակրթության բովանդակությունը կարգավորող Հանրակրթության պետական չափորոշիչը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում արձագանքել առկա  խնդիրներին և ստեղծել համապատասխան հիմքեր ավելի ճկուն բովանդակություն կառուցելու համար:

«Մասնավորապես, Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանելու է հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրի շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները (կոմպետենցիաներ)։   Կարողունակությունների ձևավորմանը միտված են հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրերը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների և սովորողների գնահատման համակարգի սկզբունքները: Առաջարկվում է նաև վերանայել շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները և դրանք կառուցել կարողունակությունների հիման վրա»,- ասաց նա:

 Ժաննա Անդրեասյանի խոսքով,  փոփոխություններով կրթության բովանդակության ձևավորման հիմքում առաջարկվում է ներդնել կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը, որը կարևորում է ոչ թե այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք պետք է սովորողը ձեռք բերի առանձին առարկաների ուսումնասիրության արդյունքում, այլ այն հիմնական, առանցքային կարողունակությունները (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ), որոնց պետք է տիրապետի սովորողը իր կրթական խնդիրները լուծելու, արդի աշխարհում արդյունավետ գործելու համար:

 Առաջարկվում է Հանրակրթության պետական չափորոշչում հստակ սահմանել «ուսումնական բնագավառ» հասկացությունը, դրա հիմքում դնելով ոչ թե գոյություն ունեցող առարկաների խմբավորումը, այլ «հանրակրթության բովանդակություն» հասկացությունը: Առաջարկվում է հետևյալ սահմանումը՝ «Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնասիրության օբյեկտով և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով»: Նման բաշխումը հնարավորություն կտա առարկաների ծրագրերը մշակելիս խուսափել անհարկի կրկնություններից, տարբեր դասագրքերում նույն երևույթի վերաբերյալ երբեմն հանդիպող տարբեր բացատրություններից, նույն մեծությունների տարբեր նշանակումներից, ինչը ծանրաբեռնում էր դասագիրքը և աշակերտի մոտ հակասություններ էր առաջացնում։

 «Հաշվի առնելով ուսումնական բնագավառի առաջարկվող սահմանումը՝ առաջարկվում է սահմանել  7 բնագավառ: Առաջարկվում է հենքային ուսումնական պլանում կատարել փոփոխություններ, որոնք կարտացոլեն առաջարկվող նոր բնագավառներին հատկացված ժամաքանակները: Միևնույն ժամանակ, առաջարկվում է բնագավառներին հատկացված ժամաքանակները ներկայացնել տոկոսային հարաբերակցությամբ: Սա հանրակրթական ուսումնական հաստատություններին թույլ է տալու ձևավորել սեփական մոտեցումը՝ յուրաքանչյուր բնագավառին հատկացվող համամասնության և ժամաքանակների միջոցով՝ մեծացնելով նրանց ինքնավարությունը»,- ասաց փոխնախարարը։

Որոշմամբ առաջարկվում է դպրոցներին տալ հնարավորություն հենքային ուսումնական պլանի հիման վրա մշակել դպրոցի ուսումնական պլան, որը գործող չափորոշչով իրականացվում է օրինակելի ուսումնական պլանի հիման վրա: Դա թույլ կտա մեծացնել դպրոցների կողմից մշակվող ուսումնական պլանների ճկունության աստիճանը: Դպրոցներին տրվող ճկունությամբ հանդերձ՝ պետական քաղաքականությունն ամրագրում է պարտադիր չորս առարկաները՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն և օտար լեզու, որոնք նաև ի դեմս պետական պարտադիր բաղադրիչի՝ ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում։

 Ըստ փոխնախարարի՝ միևնույն ժամանակ առաջարկվում է տարրական, միջին և ավագ դպրոցներում իջեցնել ծրագրերի նորմատիվային նվազագույնը (դասաժամ)՝ արդյունքում պակասեցնելով դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը։ «Սա հնարավորություն կտա փոքրացնել մեկ օրվա ընթացքում ուսուցանվող նյութի ծավալն այնպես, որ աշակերտները կարողանան նյութը յուրացնել տարիքով և անհատական առանձնահատկություններով պայմանավորված ծանրաբեռնվածությամբ և արագությամբ։ Սա հատկապես կարևոր է ամբողջ հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության անցման համատեքստում: Ավագ դպրոցում նվազագույն ժամաքանակները սահմանված են այնպես, որ ուսումնական պլանը ձևավորելիս ուսումնական հաստատությունը հնարավորություն ունենա ավելի շատ ժամեր տրամադրել պետական պարտադիր առարկաներին, աշակերտների ընտրած առարկաներին միևնույն ժամանակ ժամեր հատկացնել չափորոշչով սահմանված բոլոր բնագավառներին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

 Տարրական դասարաններում ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման նպատակով երկու շաբաթով կրճատվել է նաև տարեկան նվազագույն ուսումնական շաբաթների թիվը 3-4-րդ դասարաններում, ինչը հնարավորություն կտա ունենալ գարնանային և աշնանային արձակուրդների ընդլայնված տևողություն այս դասարանների սովորողների համար։  Առաջարկվում է ուսումնական պլանում ներառել երեք բաղադրիչ՝ պետական բաղադրիչ, դպրոցական բաղադրիչ և անհատական բաղադրիչ: Ի տարբերություն գործող չափորոշչի՝ անհատական բաղադրիչը ավելացնելու անհրաժեշտությունը բխում է աշակերտների հետաքրքրությունների և կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունից: Անհատական բաղադրիչը աշակերտին հնարավորություն է տալիս ընտրել դպրոցի կողմից առաջարկվող այն նախագծերը կամ խմբակները, որոնց ցանկանում է մասնակցել։

 Փոխնախարարը կարևոր փոփոխություններից համարեց յոթերորդ դասարանից սկսած նախագծային ուսուցման պարտադիր պահանջի ամրագրումը, որը հնարավորություն կտա զարգացնել արդի իրականության մեջ սովորողների առանցքային կարողունակությունները՝ ստեղծարարության և հետազոտական հմտությունների, ինքնուրույն վերլուծությունների և քննադատական մտածողության տեսանկյունից։

«Որոշմամբ  առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով: Միևնույն ժամանակ, նախատեսվում է չափորոշչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները և չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով»,- ասաց փոխնախարարը։