«Փորձում ենք կոորդինացնել մեր աշխատանքները ռուս գործընկերների հետ»․ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը «Вместе» նախագծին

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի «Вместе» հեռուստանախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ սա իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, և իր համար շատ կարևոր է, որ այն հենց Ռուսաստանում է, որի հետ Հայաստանն ունի դաշնակցային և բարեկամական հարաբերություններ:

«Րոպեներ առաջ ավարտվեց իմ և Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը: Մենք դեռ երկար կարող էինք շարունակել մեր զրույցը՝ չնայած որ առաջին անգամ չէինք հանդիպում: Տիկին Մատվիենկոն ինձ ներկայացնում էր իր կոլեգաներին: Պարզվեց՝ շատերի հետ արդեն ծանոթ եմ դեռ իմ՝ ԱԺ փոխնախագահ եղած տարիներից և միասին աշխատել ենք տարբեր հարթակներում: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր աշխատանքները շարունակական լինեն՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի», – ասել է Ալեն Սիմոնյանը:

Խոսելով խորհրդարանական առաջիկա աշխատանքների և հիմնական նպատակների մասին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է հատկապես միջազգային հարթակներում տարբեր երկրների հետ Հայաստանի համագործակցությունը. «Դաշնության խորհրդի գործընկերներս փաստեցին, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է հենց Հայաստանի հետ: Մեր երկիրն առաջին տեղում է այն բոլոր երկրների մեջ գտնվում են քաղաքական և դիվանագիտական նույն հարթակներում: Մենք փորձում ենք կոորդինացնել մեր աշխատանքները ռուս գործընկերների հետ: Կարծում եմ՝ այդ առումով մեզ մոտ ամեն ինչ ստացվում է»:

Ալեն Սիմոնյանը անդրադարձել է նաև կորոնավիրուսի համավարակին և Հայաստանում տիրող իրավիճակին՝ քաղաքացիներին հորդորելով պատվաստվել և նշելով, որ ինքը Հայաստանում առաջին պատվաստվողներից մեկն է եղել:

«Ցավոք, Հայաստանում դեռ բավարար քանակով չեն պատվաստվում. մի մասը կարևորությունը չի գիտակցում, մյուս մասը վախենում է: Մենք մեր ռուս գործընկերների հետ Հայաստանում սկսել ենք արտադրել «Սպուտնիկ light»: Սա շատ կարևոր ձեռքբերում է», – ասել է ԱԺ նախագահը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանի խորհրդարանում մաքսային դժվարությունները հաղթահարելու և առևտրաշրջանառությունը զարգացնելու ուղղությամբ, Ալեն Սիմոնյանն ասել է, որ տվյալ պահին աշխատանքներ են իրականացվում երկու օրենսդրական նախաձեռնությունների շուրջ: Նրա խոսքով՝ նախնական բոլոր պայմանավորվածությունները թե՛ հայկական և թե՛ ռուսական կողմից վաղուց հաստատված են, բայց աշխարհը արագ տեմպերով է զարգանում, և անընդհատ նոր փոփոխությունների կարիք է լինում:

Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև հայկական սփյուռքի գործունեության մասին՝ շեշտելով Ռուսաստանում հայ համայնքի կարևորությունը:

«Ռուսաստանում հայ համայնքն իր ուժն ու իշխանությունը շատ լավ հասկանում է և գիտի, որ իր ձայնը լսելի է Հայաստանի ներքին քաղաքական կյանքում», – շեշտել է հայկական խորհրդարանի խոսնակը:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի բնակչության մեծ մասը տիրապետում ռուսաց լեզվին, և դա է պատճառը, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում զգում են՝ ինչպես իրենց տանը:

«Вместе» հեռուստանախագծի հաղորդավարն էլ իր հերթին անկեղծացել է, թե զարմացած է, որ այս աշնանը ռուս զբոսաշրջիկներն ամենաշատը հետաքրքրված են հենց Հայաստանով:

«Հայաստանը Ռուսաստանի համար շատ հարմար տուրիստական ուղղություն է, որովհետև մեր երկրում, նախ և առաջ, լեզվի խնդիր չկա, երկրորդը՝ Հայաստանը հանգիստ երկիր է, և տարվա մեծ մասը արևոտ է: Ռուսաստանից եկած զբոսաշրջիկը պետք է միշտ իմանա, որ Հայաստանը այն վայրն է, որտեղ միշտ կարելի է վերադառնալ», – ասել է Ալեն Սիմոնյանը՝ ռուս լրագրողին նույնպես հրավիրելով Հայաստան: