ՄԻՊ-ը ստացել է 794 բողոք նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։

Բողոքները Մարդու իրավունքների աշխատակազմը ստացել է ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր։

Բացի այդ, իրականացրել է նաև զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում:

Միջոցառումների վերաբերյալ ստացված բողոքներում բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝

·         տեխնիկական բնույթի խնդիրներ,

·         իրավական անհրաժեշտ կարգավորում պահանջող խնդիրներ։

Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով հակաճգնաժամային միջոցառումները, այդուհանդերձ, արձանագրում է, որ կարևոր է դրանց հասցեականությունը, որով ավելի կընդգծվի պետության պատրաստակամությունը միջոցառումների հետ կապված յուրաքանչյուր խնդիր վերացնելու հարցում: Արտակարգ դրության պայմաններում պետության իրավական բեռը մեծանում է, ինչն ավելի է պարտավորեցնում պետությանը բոլոր լուծումներն իրականացնել մարդկանց համար հնարավոր բարենպաստ պայմաններով:

Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։