Հետևողական գողություններ նույն տնից. Թումանյանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 22-ին Լոռու մարզի Ծաթեր գյուղի 36-ամյա մի բնակչուհի ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իրենց տան հյուրասենյակի զգեստապահարանից գողացել են 400 հազար դրամ, որից 15 հազարը գտել է տան վառարանի մոտից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հաղորդումից ժամեր անց, ոստիկանները տեղեկություն են ստացել, որ գողությունը արել է տուժածի համագյուղացի, 28-ամյա մի կին: Նա հրավիրվել է բաժին և խոստովանել, որ հուլիսի 20-ին, գտնվելով տուժած կնոջ տանը և օգտվելով նրա անուշադրությունից, հյուրասենյակի պահարանից գողացել է 400 հազար դրամ, իսկ դրա մի մասը՝ 15 հազարը, գցել է տան վառարանի մոտ:

Նա ներկայացրել է գողացած գումարի մի մասը՝ 160 հազար դրամ, և հայտնել, որ մնացածը ծախսել է: 28-ամյա կինը նաև հայտնել է, որ փետրվարին, մարտին և մայիսին, գտնվելով նույն տանը, ևս երեք անգամ օգտվել է տանտիրուհու անուշադրությունից և անկողնու տակի դրամապանակից գողացել համապատասխանաբար` 60, 40 և 30 հազար դրամ:
Նախապատրաստվում են նյութեր: