Ռումինիայում ՀՀ դեսպանն ադրբեջանական ագրեսիայի հիմնական պատճառն ատելությունն է համարում

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հիմնական պատճառը հայերի նկատմամբ ատելությունն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մինասյանն ասել է «Արարատ» հանդեսին տված հարցազրույցում, նշելով, որ պատճառներից մեկը կարող է լինել նաև կորոնավիրուսի համավարակը:

«Հուլիսի 12-ին Ադրբեջանի վերսկսեց աննախադեպ ռազմական էսկալացիա՝ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը: Շատ հավանական է, որ համավարակն Ադրբեջանի ագրեսիայի հիմնական պատճառներից էր։ Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանում համավարակն աճում է, և իշխանությունները ստիպված են եղել սահմանել մասնակի կարանտինային ռեժիմ, գրեթե այնպիսին, ինչպիսին գարնան սկզբին էր։ Ակնհայտ է, որ COVID-19-ով պայմանավորված ճգնաժամը նաև ունեցել է սոցիալ-տնտեսական և ֆինանսական հետևանքներ Ադրբեջանի համար, քանի որ, ինչպես գիտենք, համավարակի արդյունքում անկում են ապրել նավթի գները, իսկ նավթի և գազի վաճառքը Ադրբեջանի հիմնական եկամտի աղբյուրն է, այդ է պատճառը, որ բնակչության շրջանում աճել է լարվածությունը։ Այնուամենայնիվ, կցանկանայի ընդգծել, որ ադրբեջանական ագրեսիայի հիմնական պատճառն ատելությունն է, որն Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը սերմանել է ընդդեմ հայերի, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում՝ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում թե սփյուռքում»,- ասել է դեսպանը:

Սերգեյ Մինասյանը նշել է, որ չպետք է անտեսել այն, որ ռազմական ագրեսիային նախորդել են մայիսին անցկացված զորավարժությունները, որոնք չեն համաձայնեցվել համապատասխան մարմինների հետ:

«Առանց համաձայնեցնելու ԵԱՀԿ համապատասխան մարմինների և անտեսելով Վիեննայի փաստաթղթերով ստեղծված մեխանիզմները, համավարակի պայմաններում, ադրբեջանական բանակն իրականացրել է լայնածավալ զորավարժություններ՝ ամենայն հավանականությամբ նախապատրաստելով հնարավոր հարձակում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների, ինչպես տեղի էր ունեցել 2016թ․ ապրիլին, այլև Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա՝ թիրախավորելով հայկական բանակի դիրքերը և խաղաղ բնակչություն ունեցող բնակավայրերը»,- նշել է Մինասյանը: 

Ռումինիայում ՀՀ դեսպանն ընգծել է, որ միջազգային հանրության, ինչպես նաև հակամարտող կողմերի հիմնական նպատակը պետք է լինի մի կողմից՝ զինադադարի ռեժիմի ամրապնդումը, մյուս կողմից՝ պայմաններ ստեղծելը հետագայում նման միջադեպերի կրկնություն թույլ չտալու համար։

«Փաստացի հուլիսյան ագրեսիայով Ադրբեջանը և΄ ռազմաքաղաքական, և΄ դիվանագիտական իմաստներով վերադարձրել է բոլորիս մինչև 2016թ․ապրիլ եղած վիճակին։ Ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ 2016թ․ ապրիլյան ագրեսիայի դեպքում, այնպես էլ հիմա, հիմնական խնդիրը պետք է լինի հստակ քայլերի ձեռնարկումը ռազմաճակատում վստահության ամրապնդման միջոցառումների,  միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև, բնականաբար, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  դեսպան Անջեյ Կասպրչիկի հովանու ներքո դաշտային առաքելություն իրականացնող դիտորդների և հրամանատարների վերադարձը, որոնք դուրս են բերվել գոտուց համավարակի սկզբում։ Մյուս կողմից, բացարձակ անթույլատրելի են Ադրբեջանի հերթական անարդյունք փորձերը՝ խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայիս ձևաչափը՝ հակամարտության խաղաղ կարգավորման միակ գործող ձևաչափը, որը, չնայած բոլոր դժվարություններին, արդեն 3-րդ տասնամյակն է՝ թույլ է տալիս բացառել տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողությունները»,- ասել է դեսպանը: