Սա ավելի շատ Թրամփի անձնական ամբիցիաների վրա հիմնված կառույց է, որի համար մեծ հեռանկար չեմ տեսնում. Բենիամին Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը 

– Պարո՛ն Պողոսյան, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը: Այս խորհրդին միանալն առարկայական ի՞նչ արդյունք է տալու, եթե հաշվի առնենք այն, որ օրեր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Միջազգային հարաբերությունները մտնում են նոր դարաշրջան, որտեղ իրավիճակը կառավարում է ոչ թե օրենքի գերակայությունը, այլ ուժի գերակայությունը»:

– Դրա մասին միայն Ադրբեջանի ղեկավարը չի ասում, այդ մասին ասում են գրեթե բոլորը, այդ թվում նաև ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներ՝ սկսած նախագահ Թրամփից: Բոլոր ղեկավարներն են խոսում, որ, ցավոք սրտի, մենք տեղափոխվում ենք ջունգլիների աշխարհ, եթե իհարկե այնտեղ չենք, որտեղ չկան օրենքներ: 

Այդ կանոնադրությունը նախագահ Թրամփի գաղափարն է, ու ես չեմ բացառում, որ սրա հիմքում ընկած է այլընտրանքային ինչ-որ միջազգային մարմին ստեղծելը, նախագահ Թրամփի՝ դա կառավարելը, և, որքան հասկացա, կանոնադրության մեջ ֆիքսված է, որ նախագահին հնարավոր է փոխել միայն նախագահի կանոնավոր հրաժարականի կամ մահվան դեպքում: Որքան ես եմ հասկանում, այդ Խաղաղության խորհուրդը միտված է նրան, որպեսզի երբ նախագահ Թրամփը 2029-ի հունվարին դուրս գա Սպիտակ տնից, կարողանա ինչ-որ միջազգային կառույց ղեկավարել: 

Հասկանալի է, որ այս խորհուրդը, որին առայժմ 20-30- պետություն է միացել, բայց եթե շատերը չմիանան, ապա պարզ է, որ այն չի կարող ունենալ այն հեղինակությունը, ինչ ունի ՄԱԿ-ը: Երբ Թրամփը դադարի ԱՄՆ նախագահ լինելուց, շատ բարդ է ասել, այն պետությունները, որոնք հիմա փորձում են Թրամփին սիրաշահել ու նրա բոլոր ասածները կատարել, որովհետև վախենում են Թրամփի ուժից, արդյոք նույն եռանդով կկատարեն Թրամփի ցանկությունները, դա մեծ հարցական է: Դրա համար ես մեծ հեռանկար չեմ տեսնում այս կառույցի համար, ընդամենը Թրամփի ցանկությունն է իր համար ստեղծել հնարավորություն ԱՄՆ նախագահի պաշտոնը թողնելուց հետո միջազգային կարևոր դերակատարում ունենալու: Սա ավելի շատ Թրամփի անձնական ամբիցիաների վրա հիմնված կառույց է: 

-Պարո՛ն Պողոսյան, անդրադառնանք նաև Դավոսի ֆորումի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ունեցած հանդիպումներին տարբեր երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք այս այցը, և ի՞նչ գործնական արդյունքներ կարող է այն տալ Հայաստանին։

– Այցն ընդհանուր առմամբ արարողակարգային էր, նաև վարչապետն է արդեն այնտեղ, մասնակցում է այդ Խաղաղության խորհրդի հիմնադիր փաստաթղթի կամ կանոնադրության ստորագրման արարողությանը: Շատ բարդ է ասել՝ նման հանդիպումներում ի՛նչ կոնկրետ օգուտներ ենք ստանում, որովհետև սովորաբար լինում են հանդիպումներ ղեկավարների միջև, որոշ հանդիպումներ նաև բիզնես շրջանակների հետ: 

Ընդհանրապես նման հանդիպումները պետությունների ղեկավարների ու համաշխարհային բիզնես լիդերների համար ընդամենը առիթ են ևս մեկ անգամ հանդիպելու ու ինչ-ինչ հարցեր քննարկելու, այսինքն՝ Դավոսը որոշումների ընդունման տեղ չէ, դա ավելի շատ քննարկումների տեղ է: Հետևաբար շատ լուրջ փոփոխություններ կամ քննարկումներ պետք չէր սպասել: 

– Հանրապետության նախագահի՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման ընթացքում հնչեցրած հայտարարությունները բավականին բուռն արձագանքի են արժանացել Հայաստանի ներսում։ Ինչպե՞ս կգնահատեք այդ հայտարարությունները։

– Հասկանալի է, որ նախագահը փորձում է տեղավորվել Հայաստանի կառավարության ընդհանուր քաղաքական գծի մեջ, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հաստատված է խաղաղություն, որ այն շատ լավ բան է, որ պետք է խորանա, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն խաղաղության մեջ են ապրում, Հայաստանն էլ արդեն ստանում է խաղաղության պտուղները՝ բենզինի իջեցված գների ու այլնի հետ կապված, հետագայում էլ ավելի օգուտներ կստանա: 

Սա Հայաստանի գործող կառավարության քաղաքական գիծն է, ու իրականում թիրախը նաև հունիսի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են, որովհետև ակնհայտ է, որ հաստատված խաղաղությունը կամ խաղաղության շատ մեծ հավանականությունը կառավարության հիմնական հաղթաթղթերից մեկն է լինելու ընտրությունների ժամանակ: Բնական է, որ նախագահը պետք է ու տեղավորվում է գործող կառավարության քաղաքական գծի շրջանակներում: 

Եթե արդեն զուտ տակտիկական առումով անդրադառնանք խոսքին, ապա կարծում եմ, որ Հանրապետության նախագահը մի փոքր չափից շատ էր ցանկանում ցույց տալ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների խաղացած դրական դերն ու ինչ-որ տեղ փորձում էր շեշտել Ադրբեջանի նախագահի ունեցած դրական դերը, որը, հաշվի առնելով նույն այդ Ադրբեջանի քաղաքականությունն ու քայլերը թե՛ 2020, 2023 թվականներին, թե՛ ընդհուպ նաև հիմա, պետք է նախագահը նաև այս թեմաներն արծարծեր, ելույթը չլիներ միայն հարյուր տոկոս դրական իրողությունների մասին, որ ամեն բան շատ լավ է, ու բոլոր հարցերը լուծված են: 

Նախագահը պետք է նաև իր մտահոգություններն արտահայտեր Հայաստանի դեմ Ադրբեջանի վարած քաղաքականության վերաբերյալ, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասով, ռազմական ներուժի ավելացման, Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիների դատավարությունների վերաբերյալ, որոնք ընդհանրապես չեն նպաստում խաղաղության օրակարգին: Մտահոգությունների մասին չխոսել ու միայն ցույց տալ, որ ամեն բան կարգին է, չգիտեմ, թե որքանով է ճիշտ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am