Պաշտպանեցիք ՀՀ ներկայացուցչությունն ագրեսիվ ադրբեջանցիներից. Իսպանիայում ՀՀ դեսպանի երախտիքի խոսքը

Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը դեսպանության անձնակազմի և անձամբ իր անունից խորին երախտագիտություն է հայտնում իսպանահայությանը, որոնք պաշտպանեցին հայրենիքի դիվանագիտական ներկայացուցչությունը մի խումբ ագրեսիվ տրամադրված ազերի ցուցարարներից:

«Երախտագիտություն եմ հայտնում իսպանահայությանը, մասնավորապես՝ Մադրիդում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք ընդամենը րոպեների ընթացքում համախմբվեցին ՀՀ դեսպանության շուրջ՝ ցուցադրելով իրենց պատրաստակամությունը՝ պաշտպանել Հայրենիքի դիվանագիտական ներկայացուցչությունը մի խումբ ագրեսիվ տրամադրված ազերի ցուցարարներից։ Մենք շնորհակալ ենք նաև Իսպանիայի այլ քաղաքներում՝ Բարսելոնայում, Վալենսիայում, Ալիկանտեում, Մալագայում, Սևիլյայում և այլ մեծ ու փոքր քաղաքներում բնակվող մեր հայրենակիցներին, որոնք հեռախոսազանգերի, ֆեյսբուքյան էջերի միջոցով իրենց աջակցությունն էին հայտնում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ, Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում նշել է դեսպանը:

Վլադիմիր Կարմիրշալյանն առանձին երախտագիտություն է հայտնել Իսպանիայի ազգային ոստիկանությանը՝ ՀՀ դեսպանության անվտանգությունը պատշաճ ապահովելու համար։ Շնորհակալություն է հայտնել իսպանացի բարեկամներին՝ քաղաքական, հասարակական գործիչներին, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին, լրագրողներին, պարզապես սովորական մարդկանց, որոնք իրենց հայտարարություններով, հոդվածներով, հեռախոսազանգերով, կամ ՀՀ դեսպանություն այցելելով իրենց աջակցությունն էին հայտնում Հայաստանի ու Արցախի ժողովրդին և դատապարտում Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ։