«Ամեն րոպե ասում եմ՝ կներես, Մխիթա՛ր ջան, որ ես ապրում եմ քեզանից հետո, բալե՛ս»․ մայրը 18-ամյա որդու կորստյան ցավը չի կարողանում հաղթահարել

«Իրան կորցնելով՝ ամեն ինչ ենք կորցրել, մնացել ենք դատարկ, ապրելներս չի գալիս, մահանում, հետ ենք գալիս ամեն օր»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 38-ամյա Ռուզաննա Մխիթարյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է ավագ որդուն։

Տղան՝ 18-ամյա Մխիթար Մխիթարյանը, մեկ ամիս էլ չկար, ինչ մեկնել էր ծառայության Ջրական, երբ սկսվել է պատերազմը։

Մայրն ասում է՝ որդին առողջական խնդիրներ ուներ, ճնշումն էր բարձրանում, սակայն դա անտեսելով՝ մեկնել է դիրքեր ու ինքնամոռաց մարտնչել։ 

«Ամեն 3 օրը մեկ ինքը կապ ա հաստատել, ասում էր՝ ապահով ենք, արխային եղեք։ Ես պետք ա պուճուրիկ ունենայի, հանուն էս պուճուրիկի չի ասել՝ որտեղ ա, ասել ա ընկերներին, որ խոսեմ, ձայն չհանեք, իմ մաման իմ համար պիտի ախպեր ունենա։

Բայց հոկտեմբերի 4-ին խոսում էր, կեսից իրանց վրա կրակեցին, ես ձեներից հասկացա, որ ինքը լրիվ ուրիշ տեղ ա, գոռացի՝ պախկվի՛… Երեխեն արդեն անճար էր, ասեց՝ մա՛մ, չեմ կարա պախկվեմ, տեղ չկա։ Կրակոցները դադարեցին, ինքն ինձ հանգստացրեց, երկու օր հետո՝ ամսի 6-ի երեկոյան, դեպքը տեղի ունեցավ․․․»- հուզմունքով պատմում է Ռուզաննան։

Որդու հետ կատարված դեպքի մասին Մխիթարի ծնողներին մանրամասներ են պատմել զինակից ընկերները։ 

«Իրանց զամպալիտը մահացու վիրավորում ա ստանում, Մխիթարը կողքի պոստից իրա տեղը թողում ա, էնտեղ հրաման են արձակում՝ իջե՛ք, հանեք զամպալիտին: Տղաները գնում են, հանում են, բարձունքի վրա հասնում են տեղ, արդեն թշնամու թիրախի տակ են լինում, ու իրանց վրա արտիլերյայի գրադ [հրետանու արկ] ա, ինչ ա ընկնում»,- հուզվում է Ռուզաննան։

Ռուզաննայի խոսքով՝ ութ տղաներից հինգը մահանում են, երեքը՝ փրկվում:

«Երեք երեխեքը պատմում են, որ Մխիթարն ընկել ու չի շարժվել։ Վիրավոր ա եղել, երկու ոտքն ա ջարդված եղել։ Իրան կարային փրկեին, բայց էդ նույն հրաման տվողը երկրորդ հրամանը չի արձակել, մի հոգու հետևից ութ մարդ ա ուղարկել, բայց ութ հոգու հետևից մի հոգի չի ուղարկել, որ տեսնի՝ ով ա ողջ, որ գոնե փրկեն։ Վիրավորում ստացածները հազիվ են կարողացել իրանց քարշ տան, փրկվեն։ Մխիթարս մնացել ա»,- ասում է մայրը։

Ռուզաննան հոկտեմբերի 6-ից երկու ամիս շարունակ լուր չի ստացել որդուց, ասում է, որ ամբողջ ժամանակ հույսով սպասում էր տղային, մտածում էր՝ գուցե վիրավոր կամ ինչ-որ տեղ թաքնված լինի։

Սակայն երկու ամիս անց տղայի մարմինը գտնվում է, ԴՆԹ-ն՝ հաստատվում։

Ռուզաննան ասում է՝ որդու մարմինը չի տեսել, ու չնայած հուղարկավորել են, ԴՆԹ-ի պատասխանն էլ կա, սակայն շարունակում է սպասել, որ մի օր տղան տուն կմտնի։

«Երկու ամիս երեխեքը հողի վրա հալվեցին, ամեն մեկից մի բուռ բան են բերել, հուղարկավորել ենք, բայց սպասում ենք»,- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է որդեկորույս մայրը։

Այնուհետև պատմում է որդու զինակից ընկերների պատմածը՝ Մխիթարը շատերի կյանքն է փրկել մարտի դաշտում, ուսերի վրա վիրավորների տեղափոխել։

Մայրն ընդգծում է՝ որդին շատ հայրենասեր ու բարի սիրտ ուներ, բոլորին մշտապես օգնում էր ու աջակցում: Արտաքնապես թիկնեղ էր, բարձրահասակ։ Շատ էր սիրում երգել՝ հատկապես հայրենասիրական երգեր։

«Չեմ հավատացել ու չեմ հավատում, որ իրա նման մարդը կարա չլինի, իրա նման երկրորդ չի ծնվի»,- ասում է Ռուզաննան։

Մխիթարը բանակում ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր շարունակել ուսումը և ընդունվել Հայաստանի ագրարային համալսարան: Մայրը ցավով ասում է՝ որդու երազանքներն ու նպատակները կիսատ մնացին։

«Տղուս միակ երազանքն էր, որ միշտ ասել ա՝ ուզում եմ իմ հոր ու մոր նման ընտանիք ունենամ, իսկ նյութականի հետ կապված ասում էր՝ ես դրան հասնելու եմ, դա երազանք չի»։

Մխիթարյանների ընտանիքը որդու կորստյան ցավը հաղթահարել չեն կարողանում, Ռուզաննան ասում է՝ որ մինչև կյանքի վերջը չի կարողանա հաղթահարել։ Ավագ որդու զոհվելուց հետո ծնվել է Ռուզաննայի կրտսեր որդին, սակայն մայրն ասում է՝ ինքն այլևս առաջվանը չէ, սփոփանք ու մխիթարություն չի գտնում։

«Առանց Մխիթարիս մենք չկանք, ուղղակի չկանք, ուղղակի էս մեր փոքրիկների համար պարտավորված ենք, որ իրանց մեծացնենք: Ճիշտ ա՝ առաջվա մաման իրանք չեն ունենա, ինչքան էլ ուժ եմ հավաքում մեջս, բայց չեմ կարում տամ էն, ինչ տվել եմ Մխիթարիս ու մյուս որդուս՝ Արմանիս, իրանց մեջ մի տարվա տարբերություն ա, մյուս երկու տղաներս՝ 6 ու 1 տարեկան են։

Ամեն օր անիծում եմ, որ իմ վրա լույս ա բացվում, բայց նայում եմ՝ երեխեքս իմ կարիքն ունեն, ամեն րոպե ասում եմ՝ կներե՛ս, Մխիթա՛ր ջան, որ ես ապրում եմ քեզանից հետո, բալե՛ս։

Արփինե Արզումանյան

MediaLab.am