ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում, որտեղ դպրոցի դասերը սկսվում են օգոստոսին, արդեն իսկ մեկնարկել է ուսումնական տարին։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ դպրոցներում դասերն անցկացվում են կա՛մ օնլայն, կամ և՛ հեռավար և՛ առկա՝ կիրառելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված կանոնները։
Ինդիանա նահանգում բնակվող Սեդա Արզումանյանը պատմում է, որ մինչ դպրոցների վերաբացումը դպրոցը ծնողների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու ծնողների ցանկությունը՝ դասերն անցկացնել օնլա՞յն, թե՞ առկա։
«Մեզ ժամանակ տվեցին պատասխանելու, հետո պարզվեց, որ ծնողների 93%-ը համաձայնել է, որ իրենց երեխաները գնան դպրոց, այլ ոչ թե օնլայն ուսուցում անցնեն։ Ու այդ հարցումների արդյունքում էլ որոշվեց, որ միջին դպրոցը հիբրիդային ձևով անեն, մինչ այդ դրա մասին չէր խոսվում։ Հիբրիդային ձևի իմաստն այն է, որ օնլայնը և դպրոցի դասերը միացնում են իրար, մի օր երեխաները գնում են դպրոց, հաջորդ օրը՝ օնլայն։
Դասարանը կիսվում է՝ 12 աշակերտ գնում է դպրոց, մյուս մասը՝ տանը, հաջորդ օրը՝ հակառակը։ Դասարանները թեթևացնում են, որ կարողանան սեղանները իրարից հեռու դնել, աշակերտներին հեռու նստեցնել, որ դասարաններում կարողանան պահպանել սոցիալական հեռավորությունը»,- «Մեդիալաբին» պատմում է Արզումանյանը։
Նա նշում է, որ այդուհանդերձ ծնողները հնարավորություն ունեն ընտրելու միայն օնլայն տարբերակով ուսուցումը, եթե չեն ցանկանում, որ երեխաները դպրոց գնան։
«Այն ծնողները, որ ընտրել են օնլայն, դպրոցը կազմակերպում է օնլայն ուսուցում ևս։ Ամեն 9 շաբաթը մեկ ծնողները կարող են փոխել իրենց որոշումը՝ օնլայնից անցնել առկա կամ հակառակը։ Ամերիկայում կան նաև դպրոցներ, որ միայն օնլայն են անում, դա կախված է նահանգից, դպրոցի համակարգից, Կալիֆոռնիայում, լսեցի, որ դասերը միայն օնլայն են լինելու»:
Արզումանյանն ասում է, որ դպրոց մուտք գործելու հատուկ ժամեր են նախատեսված՝ կուտակումներ չլինելու համար։ Դասասենյակում սեղանները տեղադրված են 1,5 մետր հեռավորության վրա, պարտադիր առկա են ալկոգելներ, դպրոցում ճաշարանը գործում է, սակայն հատուկ կանոններով։ Տարրական դասարանի երեխաներին հաճախ տանում են ձեռքերը լվանալու, հատկապես ճաշից առաջ և հետո, բակ տանելուց առաջ և հետո։
«Տղայիս ուսուցչուհին ինձ տեսանյութ էր ուղարկել, թե ոնց են դասարանից դուրս գալիս ու գնում ճաշարան, անգամ դասարանում գետնին գծանշումներ էին արել՝ շրջանակներ, որ երեխաները իմանան՝ որտեղ են կանգնելու հեռավորություն պահպանելու համար։ Ուսուցչուհին շարք կանգնած տանում է ճաշարան, ճաշարանում յուրաքանչյուրը զբաղեցնում է իր անունով տեղը։ Հստակ ունեն իրենց սեղանները, մի սեղանի շուրջը չորս աշակերտից ավելի չի նստում։
Երեխաները չեն կարող մի օր մի սեղանի շուրջը նստել մի խմբի հետ, մյուս օրը՝ մեկ այլ, տեղերը և խումբը հստակ սահմանված են, որ վարակը հնարավորինս չտարածվի, եթե հանկարծ նման դեպք լինի։ Ի դեպ, տարրական դպրոցում էնպես չի, որ բոլորը նույն ժամին են գնում ընդմիջման, էնպես են անում, որ շատ երեխաներ միաժամանակ ընդմիջման չգնան»,- նշում է Սեդա Արզումանյանը։
Արզումանյանն ընդգծում է, որ տարրական, միջին ու ավագ դպրոցները տարբեր շենքերում են, իսկ ընդմիջումների ժամանակ երեխաները միջանցքներում չեն վազվզում։
«Հայաստանում շատ նկատեցի, որ խոսում են՝ ինչպես երեխաները դասամիջոց չեն կարող անել, Ամերիկայում դասամիջոց հասկացությունը չկա։ Խոսքը տարրական դպրոցի մասին է, երեխաները դուրս չեն գալիս միջանցքներում վազում, մնում են դասարանում, ուսուցիչը զբաղեցնում է խաղերի միջոցով։
Օրվա ընթացքում ունեն կես ժամ, մեծ դասամիջոցին գնում են բակ՝ խաղահրապարակներ կան, հիմա էս քովիդի ժամանակ էդ խաղահրապարակները երեք տարբեր գոտիների են բաժանել, որ երբ երեք տարբեր դասարաններ են գալիս, ամեն մեկն իր գոտին ունենա, և տարբեր դասարաններ իրար հետ չշփվեն, ու անգամ երեխաներին բաժանում են, որ իրարից հեռավորություն պահեն։
Միջին դպրոցում ունեն 5 րոպե դասամիջոց, օգտվում են իրենց պահարաններից գրքերը վերցնելու և հաջորդ դասին մասնակցելու համար, բացառապես դրա համար են օգտագործում»,- ասում է նա։
Արզումանյանը նշում է, որ աշակերտները տետրեր օգատգործում են, բայց այն, ինչ համընդհանուր օգտագործման կարող է լինել՝ ոչ․ «Եթե նախկինում բոլորը կարող էին մարկերներ օգտագործել, ապա հիմա որոշել են, որ չեն կարող նույն գրենական պարագան բոլորն օգտագործել»։
Ասում է, որ դպրոցում կազմակերպվում են և՛ երգի, և՛ ֆիզկուլտուրայի դասերը, որոնք հայաստանյան դպրոցներում չեն անցկացվելու։
«Լսեցի, որ ասացին՝ Հայաստանում երգի դաս չեն անելու, որ վիրուսը չտարածվի, այստեղ երեխաները անելու են, բայց՝ դիմակով։ Ֆիզկուլտուրան անում են դրսում՝ առանց դիմակի։
Երբ բակ են գնում, դպրոցում տվել են դիմակները դնելու հարմարանք, որ մեջը դնեն, մաքուր մնա, ու վզից են կախում։ Տղաս ասաց նաև, որ դիմակների ընդմիջում են անում, հանում են դիմակները։ Եթե երեխան ընթացքում նեղվում է, կարող է լրացուցիչ 5 րոպեով դիմակի ընդմիջում անել»:
Սեդա Արզումանյանը նշում է, որ ծնողների կողմից չի լսել բողոքներ երեխաների դիմակ կրելու հետ կապված․ «Ավելի շատ կողմ էին, որ երեխաները դպրոց գնան դիմակով, քան չգնան, հետո օնլայն հնարավորություն կա, եթե չեն ուզում դիմակով, օնլայնն են ընտրում։
Աղջիկս, օրինակ՝ որ միջին դպրոց է գնում, չի բողոքում դիմակից, տղաս՝ ավելի փոքր է, չի սիրում դիմակ դնել, բայց նորմալ է, անում են»։
Ասում է, որ ծնողներին ուղարկել են ձևանմուշ, թե որ նախանշանների դեպքում ծնողը պետք է երեխային դպրոց չուղարկի։ «Ծնողը պարտավորվում է, եթե երեխան ջերմում է, տանը պահել և դպրոցին տեղյակ պահել։
Դպրոց մտնելիս ջերմությունը չեն չափում։ Եթե երեխան տաքություն ունենա, տուն են ուղարկում, եթե դեպք է հաստատվում, ապա բոլորին տեղյակ են պահում։ Աղջկաս դպրոցում մի դեպք էր եղել, տեղեկացրեցին և ասացին, որ առանձին կապ են պահում այն ծնողների հետ, որոնք կոնտակտավոր են եղել, որպեսզի իրենք էլ զգույշ լինեն և տանը մնան»։
Արփինե Արզումանյան
MediaLab.am
















